Նովոռոսիյսկ-Բաթումի-Նովոռոսիյսկ ծովային ճանապարհով բեռնափոխադրումները սկսվել են այս տարվա ապրիլին, – հաղորդում է «Արմենպրես»-ը:
Հայաստանից դեպի Ռուսաստան ու հակառակ ուղղությամբ բեռնափոխադրման կազմակերպումը Վերին Լարսով ոչ միշտ է սահուն անցնում։ Բավական են եղանակային անբարենպաստ պայմանները, մեքենաների հոսքի ավելացումն ու խցանումներն ապահովված են։ Բեռնատարները կարող են շաբաթներով կանգնած մնալ ճանապարհին։ Արդյունքում՝ գործարարները զգալի տուժում են թե ժամանակի, թե ֆինանսական առումով։
Պատկան մարմինները տևական ժամանակ քննարկումներ են անցկացնում՝ փորձելով առաջարկել այլընտրանք, այն է՝ ծովային ճանապարհը։ Այդ գործընթացը կազմակերպելու համար ՀՀ կառավարության կողմից որպես օպերատոր ճանաչվել էր «ՍԻ ԸՆԴ ԷՄ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ընկերությունը։ Այն արդեն ապրիլից սկսել է ծովային ճանապարհով բեռնափախադրումը Նովոռոսիյսկ-Բաթումի, Բաթումի- Նովոռոսիյսկ ուղղությամբ։ Բեռնափոխադրումները պետք է իրականացվեն պետության սուբսիդավորմամբ։