Այսօր՝ մայիսի 21-ին, թիվ 1 հանրակրթական դպրոցում հնչեց վերջին զանգը. Հովհաննես Թումանյան անվան հայկական դպրոցն այս տարի ավարտեց 47 աշակերտ:
Աշակերտները երգեցին, շնորհակալական խոսքեր ասացին ուսուցիչներին, կատարեցին հայկական ու վրացական պարեր, երկու դասարաններն առանձին-առանձին տարբեր երաժշտության ներքո վալս պարեցին, որից հետո բաց թողեցին հայկական դրոշի գույներով փուչիկներ և ծուխ։ Ծաղիկներ ստացան այս դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչները։ Դպրոցի տնօրեն Ռուզան Տեփոյանը ներկայացրեց ուսումնառության և սպորտի բնագավառներում հաջողությունների հասած տաղանդավոր աշակերտներին և նրանց հանձնեց պատվոգրեր։
Նշենք, որ Ախալքալաքի մունիցիպալիտետն այս տարի ունի 599 շրջանավարտ։ Մայիսի 19-ին, վերջին զանգը հնչեց թիվ 3 (Ճավճավաձեի անվ.) և թիվ 4 (Դեմիրճյանի անվ.), ինչպես նաև որոշ գյուղերի դպրոցների աշակերտների համար։ Մայիսի 20-ին, վերջին զանգը հնչեց թիվ 2 դպրոցում (ռուսաց), այսօր՝ մայիսի 21-ին՝ հնչեց թիվ 1 (Թումանյանի անվ.), իսկ մայիսի 22-ին կհնչի՝ թիվ 5 (նախկին գիշերօթիկ) դպրոցում։