Թոթխամ գյուղից 36-ամյա Գևորգ Իրիցյանը վերջերս բացահայտել է իր նոր նախասիրությունը, որը նաև արդեն բիզնեսի է վերածել: Գևորգը Tik-tok հարթակում նաև բլոգ է վարում:
Վերջինս Tik-tok սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է մի երիտասարդի հետ, որի օգնությամբ նոր բիզնես է հիմնել: Մեր հերոսը հուշանվերներ է պատրաստում է և վաճառում: Նրա ձեռքի աշխատանքները մեծ պահաջարկ ունեն ոչ միայն Ախալքալաքում ու Վրաստանում, այլև երկրի սահմաններից դուրս:
«Ոչ մի տեղ չեմ սովորել, մեկ տարի առաջ եմ սկսել: Tik-tok-ով ուղիղ եթերի ժամանակ ծանոթացա Ռուսաստանում ապրող Սամվել Ալեքսանյանի հետ, խոսեցինք ու ընկերացանք: Նա որոշել էր ինձ նվեր ուղարկել իր ձեռքով պատրաստած այբուբենը: Բայց երկար շփվելուց հետո որոշեցինք, որ պատրաստի նվերի փոխարեն նմուշն ուղարկի, ինչով որ ինքն է պատրաստում: Այդպես էլ արեց, սկսեցի աշխատել, ներկել և մոտս լավ ստացվեց: Նա ինձ տարբեր նմուշներ էր ուղարկում, օգնում ամեն հարցում, սովորեցնում բոլոր գաղտնիքներն ու նրբությունները», – պատմում է Գևորգը:
Մինչև Սամվելի հետ ծանոթանալը նրա մտքով անգամ չի անցել, որ կարող է այդպիսի հուշանվերներ պատրաստել, և որ դրանք այդքան դուր կգան մարդկանց:
«Եղել է այնպիսի ժամանակ, որ չեմ հասցրել պատրաստել վաճառքի համար, այդքան գնորդ եմ ունեցել։ Աշխատանքս ինձ դուր է գալիս, որը նաև եկամտի աղբյուր է դարձել», – նշում է Գևորգը։
Հիմա երբ նա տեսնում է հետաքրքիր նկարներ ուղարկում է ընկերոջը, իսկ նա նմուշն է պատրաստում ու ուղարկում: Գևորգն աշխատում է գիպսով, բետոնով ու մարմարով։
Հիմնականում իր աշխատանքներից շատ վաճառել է Հիսուս Քրիստոսի պատկերով գինիները, խաչերը, ինչպես նաև այբուբենը:
Գևորգ Իրիցյանն իր աշխատասենյակն ունի, որտեղ ամեն օր հուշանվերներ է պատրաստում:
«Այնքան մոտիկացա Սամվելի հետ, որ նա ինձ ցույց տվեց իր բոլոր քանդակները, և ինչպես նաև այն երկու մետրանոց արծիվը, որը ուզում էր տեղադրել Եռաբլուրում, որտեղ հանգչում է Ղարաբաղյան առաջին պատերազմում զոհված իր հորեղբայրը։ Ես օգնեցի նրան: Ի վերջո տեղադրեցինք չորս արծիվ և քանդակների վրա գրվեց. Գևորգ Իրիցյան Մեսրոպի՝ Ջավախք, Հրաչ Աբելյան Աշոտի՝ Երևան, Սավել Ալեքսանյան Արամի՝ Գիորգևսկ, Սամվել Աբովյան Մնացականի՝ Ֆրանսիա», – պատմում է Գևորգը:
Մեր հերոսը Tik-tok-ում բլոգ է վարում, որտեղ 60 000 հետևորդ ունի։ Ասում է՝ իրեն միշտ ասել են, որ ձայնը լավն է, և համապատասխանում է համացանցի պահանջերին։
«Այդ ամենն ինձ բավականին հայտնություն է տվել։ Եղել են դեպքեր, երբ Երևանում ինձ ասել են, դու «Գև գովորիտ»-ն ես։ Ռուսասանում մեծ եղբայր ունեմ, նրան ասում են, որ ինձ ճանաչում են, ասում է՝ եղբայրս է, չեն հավատում, զանգում են ու համոզվում։ Ինձ միայն այդ պահն է հաճելի, թե չէ ֆինանասական օգուտ չի տալիս», – հավելում է Գևորգը։
Սկզբում գյուղում Գևորգին լուրջ չեն վերաբերվել և կես կատակ-կես լուրջ ասել են՝ բլոգերն է: Հիմա ամեն ինչ փոխվել է: