Ռուսաստանի և Վրաստանի միջև թռիչքների վերսկսման դեպքում Վաշինգտոնը կարող է պատժամիջոցներ կիրառել վրացական ընկերությունների դեմ։
«Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթերի վերսկսումը մեզ կանհանգստացնի. վրացական օդանավակայանների ընկերությունները կարող են պատժամիջոցների վտանգի առաջ հայտնվել, եթե սպասարկեն ներմուծման և արտահանման վերահսկողության ենթակա ինքնաթիռներ», – հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը:
Պաշտոնյան կրկնել է ամերիկյան դիվանագիտական գերատեսչության ավելի վաղ հնչեցրած դիրքորոշումը՝ «ուղիղ թռիչքները վերականգնելու կամ վիզային ռեժիմը փոխելու փոխարեն, վրաց ժողովուրդը հավանաբար կգերադասի, որպեսզի Պուտինը դուրս բերի ռուսական զորքերը Վրաստանի օկուպացված տարածքներից»:
«Ամբողջ արևմտյան հասարակությունները հեռացել են այդ դաժան ռեժիմից: Այժմ ժամանակը չէ ակտիվացնելու Ռուսաստանի հետ փոխգործակցությունը», – պնդել է Պատելը:
Ռուսաստանը չեղարկում է Վրաստանի քաղաքացիների համար շուրջ 23 տարի առաջ սահմանված վիզային ռեժիմը, նախագահ Վլադիմիր Պուտինի մեկ այլ հրամանագրով վերականգնվում են նաև դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթները։