Ռուսական «Точка» բանկը ձեռնարկատերերի համար արտարժույթի գործարքներ է սկսել վրացական լարիով։ Վարկային կազմակերպության ներկայացուցչի խոսքով՝ վրացական արժույթը հնարավոր է ուղարկել Վրաստանի և աշխարհի ցանկացած բանկ։

Նշվում է, որ բացի դոլարից, եվրոյից և ռուբլուց, որոնք կարող են ուղարկվել վրացական որոշ բանկեր, հնարավոր են դարձել լարիով վճարումները Վրաստանի բոլոր բանկերում։

«Վերջին մեկ տարվա ընթացքում Վրաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2021 թվականի համեմատ աճել է 52 տոկոսով։ Այժմ Ռուսաստանը Վրաստանի հիմնական առևտրային գործընկերներից մեկն է, ուստի մենք գործարկել ենք մեզ մոտ նոր արժույթ, որը կաջակցի երկրների միջև փոխգործակցության միտումին»,- նշել է բանկի ներկայացուցիչ Աննա Դավիդովան։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այլ երկրների բանկերին գումար փոխանցելու համար ձեռնարկատերը պետք է արտարժութային հաշիվ բացի։ Արտարժութային միջնորդավճարը կախված կլինի սակագնից։

«Точка»-ն ռուսական թվային բանկ է՝ առանց ֆիզիկական գրասենյակների։ Այն կենտրոնացած է «իրավաբանական անձանց համար ծառայությունների էկոհամակարգի ստեղծման» վրա, միտված է ձեռնարկատերերի համար հեռահար սպասարկմանը։ Բանկը լիցենզիա է ստացել ՌԴ Կենտրոնական բանկի կողմից այս տարվա փետրվարին։