Ապրիլի 27-ին, Ախալքալաքի SEREC գրասենյակում տեղի ունեցավ Ջավախքի ոչ կառավարական հատվածի և ԶԼՄ-ների հանդիպումը Վրաստանում հավատարմագրված եվրոպական 5 երկրների դեսպանների հետ։

Հանդիպումը կազմակերպել էր «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպությունը։ Ախալքալաք էին ժամանել արտակարգ և լիազոր դեսպանները, մասնավորապես Դանիայի Հանրապետությունից՝ Աննէ Թոֆթ Սորենսեն, Էստոնիայից՝ Ռիյնա Կալյուրանդը, Լատվիայից՝ Էժիտե Մադնեն, Լիտվայից՝ Անդրիուս Կալինդրան, ինչպես նաև Նորվեգիայի դեսպանատան ներկայացուցիչ Մարկո Սոլդիչը։

Դեսպաններին հետաքրքրում էր, թե ինչ վիճակում են տարածաշրջանում հասարակական կազմակերպությունները, ինչ խնդիրների է բախվում քաղաքացիական սեկտորը Ախալքալաքում և Նինոծմինդայում։ Հանդիպմանը ներկա էին Ախալքալաքի և Նինոծմինդայի հասարակական կազմակերպությունների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։ Ներկայացուցիչների բացման խոսքից հետո անդրադարձ կատարվեց նաև ՀԿ-ների և ԶԼՄ-ների առջև ծառացած ֆինանսական խնդիրներին, հաշվետվության դժվարություններին, խոսվեց այն մասին, որ ավելի ու ավելի շատ նախագծեր ուղղված են երիտասարդներին, ուսանողներին և ավելի ու ավելի քիչ՝ միջին տարիքի մարդկանց: Քննարկվեց փոքրամասնությունների ինտեգրման և հաղորդակցման լեզվի հարցերը։ Շոշափվեց շրջանում քարոզչության ազդեցությունը և մշակութային առանձնահատկությունները, ինչպես նաև այլ երկրներից տնտեսական կախվածությունը, ապակենտրոնացումը, այդ թվում՝ ՀԿ միջավայրում, իշխանությունների և ՀԿ-ների միջև երկխոսությունը, Եվրամիության 12 հանձնարարականները և շատ ավելին:

SEREC գրասենյակում հանդիպումից հետո դեսպանությունների ներկայացուցիչները հանդիպել են նաև Ախալքալաքի քաղաքապետի և Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ախալքալաքի մունիցիպալիտետի տնտեսական զարգացման հեռանկարները, ազգային փոքրամասնությունների կրթական ծրագրերը, ինչպես նաև ժողովրդավարական սկզբունքների ամրապնդումը։