Ախալքալաքի մունիցիպալիտետի Ալաստան գյուղում կա տիպային ակումբի շենք, սակայն այնտեղ աշխատանքներ ծավալելու համար պայմաններ չկան։

Ճանապարհը վատն է, ամենուրեք աղբ է, երիտասարդների համար զբաղմունք չկա, հուսահատություն է տիրում: Վերը նշված հանգամանքները երբեմնի ծաղկուն Ալաստան գյուղը, որը կաթոլիկ է, դարձնում են մի վայր, որտեղ մարդիկ մտածում են միայն արտագաղթի մասին: Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ամենամեծ թվով սփյուռքը հենց այս գյուղից է։

Ալաստանն ունի իր պարային խումբը, որը գործում է գյուղի ակումբում։ Պարախմբի ղեկավարի խոսքով, տարվա տաք եղանակին հայկական ազգային պարեր են սովորում շուրջ 40 երեխաներ և պատանիներ: Հրավիրվելու դեպքում խումբը բաց չի թողնում ոչ մի մրցույթ, սակայն ձմռանն անհնար է առանց ջեռուցման շենքում աշխատել երեխաների հետ։ Պարի խմբի ղեկավար, պարուսույց Գագիկ Մելիքյանի խոսքով՝ ինքը երեխաների առողջությունը չի կարող վտանգել:

Дизайн без названия - 1

Երկհարկանի շենքն առաջին հայացքից բարվոք վիճակում է, այստեղ երկրորդ հարկում գյուղապետարանն է, առաջին հարկում քիչ թե շատ վերանորոգված սենյակ է, որը նախատեսված է տղամարդկանց երեկոյան ժամանցի համար, որտեղից ծխախոտի հոտ է գալիս։ Դիմացն այն սենյակն է, որտեղ գտնվում են Ալաստան պարային համույթի մրցանակները։ Մեկ այլ դուռ տանում է դեպի դահլիճ, որտեղ բեմն ու հանդիսատեսի նստատեղերն են, ամբողջ շենքը փոշու հաստ շերտի տակ է։ Տանիքը փոխելուց հետո հետևի մասում տեղադրվել են հեծաններ, չնայած վերանորոգմանը, տանիքը մի քանի տեղից էլի կաթում է։ Քչերը կհամարձակվեն բարձրանալ պատշգամբ, որտեղ, ըստ էության, պետք է լինեն երաժիշտները՝ հատակը մեծամասամբ ծակ է ու փտած, կա առաջին հարկ ընկնելու վտանգ։ Վթարային ելքը լցված է աղբով: Դահլիճում միջանցիկ քամի է նկատվում, չնայած այն հանգամանքին, որ գյուղը գազիֆիկացված է, ակումբում ջեռուցում չկա։

«Եթե ջեռուցում ունենայինք, այսօրվա դրությամբ, մենք կզբաղվեինք պարով: Դահլիճի առաստաղը փոխվել է, բայց արդեն մի քանի տեղ կաթում է։ Կատարել ենք կոսմետիկ վերանորոգում։ Այստեղ անպայման պետք է վթարային ելք լինի, բայց տեսեք թե ինչ վիճակում է այն»,- ասում է Գագիկ Մելիքյանը։

Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը Jnews-ի հետ զրույցում ասաց, որ գյուղի արդիական հարցերի թվում ակումբի վիճակը բնակչության հետ չի քննարկվել։

«Ես հանդիպել եմ գյուղի բնակիչների հետ, ակումբի մասին նրանք չեն խոսել։ Այն հարցերի շուրջ, որոնք մենք քննարկել ենք, և ինչն էլ նրանց համար առաջնային է, մենք արդեն աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասաց նա։