Այսօր Ախալքալաքում հարգեցին ապրիլի 9-ի այն մարդկանց հիշատակը, որոնք հանուն հայրենիքի զոհվեցին 1989 թ.-ին Թբիլիսիում անցած հանրահավաքի ժամանակ:
Ապրիլի 9-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ այսօր հարգանքի տուրք մատուցեցին տարբեր ասպարեզի ներկայացուցիչներ, ինչպես նաև Ախալքալաքի ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ:
Միջոցառմանը ներկա էին նաև ՀԱԵ Ախալքալաքի թեմի հոգևորականներ, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Նշան վրդ. Հմայակյանը և Տեր Նարեկ քհն. Տիգրանյանը։
Քահանաները՝ Ախալքալաքի և Կումուրդոյի թեմի միտրոպոլիտ և ՎՈՒԵ Սուրբ Սինոդի անդամ Նիկոլոզ Պաճուաշվիլիի գլխավորությամբ, պատարագ մատուցեցին։
Հուշարձանի մոտ երեխաները բանաստեղծություններ արտասանեցին:
Պատմություն. Թբիլիսիում 1989 թվականի ապրիլի 9-ի հանրահավաքին ներկա էր մոտ 10 հազար մարդ: 29 բեռնատար մեքենաներ և տրոլեյբուսներ կառուցել էին բարիկադներ: Չնայած Թբիլիսիի ներքին գործերի պետի և Պատրիարք Իլյա II-ի ցուցարարների հեռանալու կոչերին, նրանք մնացին հրապարակում:
Ապրիլի 9-ին գեներալ Իգոր Ռոդիոնովը հրամայում է սկսել ցուցարարների ճնշումները: Ցուցարարները սկսում են լքել հրապարակը, բայց հրապարակի գրեթե բոլոր ելքերը արգելափակված էին ավտոտրասպորտով, այսինքն փախուստի ճանապարհները խիստ սահմանափակ էին, ինչի հետևանքով առաջանում է խուճապ և զանգվածային ճնշում:
Հանրահավաքի մասնակիցների դեմ զինվորները օգտագործում են 73 սմ-անոց ռետինե մահակներ, կիրառում են արցունքաբեր գազ, հրազեն: Ցուցարարներն իրենց հերթին «ճնշող ուժերի» դեմ օգտագործում են ձեռքի տակ եղած առարկաները:
Դիմադրության արդյունքում 16 ցուցարար մահանում է տեղում, իսկ երեքը՝ հիվանդանոցում:
Ճնշման ընթացքում և դրանից մի քանի ժամ հետո Թբիլիսիի հիվանդանոցներ է ընկնում 251 մարդ, որոնցից 183 հոսպիտալացվում է: Ըստ Վրացական ԽՍՀ-ի Գերագույն խորհրդի քննչական հանձնաժողովի տվյալների, այդ մեկ ամսվա ընթացքում բժշկական օգնության են դիմում 4035 մարդ: (Օգտագործվել է Վիքիպեդիայի տեղեկությունները):