Այսօր առավոտյան 15 հանքափոր իջել են Մինդելի և Ձիձիգուրի հանքեր և հրաժարվում են բարձրանալ, մինչև չստանան աշխատավարձերը: Այս մասին «Ինտերպրեսնյուզ»-ին տեղեկացրել են արհմիությունների Միությունից:
Ըստ նրանց տեղեկությունների, հանքափորները, որպես կանոն, աշխատավարձերը պետք է ստանան մինչև սեպտեմբերի 15-ը, սակայն ընկերությունն առանց գումարի է թողել աշխատողներին այն ժամանակ, երբ սկսվել է ուսումնական տարին, և, ավելին, ընկերության ներկայացուցիչները դեռևս չեն ասում, թե երբ են աշխատավարձերը փոխանցելու:
«Հանքագործները զրկված են բանկային և կոմունալ պարտականությունները կատարելու հնարավորությունից, ինչն էլ ավելի է բարդացնում նրանց սոցիալական վիճակը: Ամեն օր նրանց բանկային տույժերն ավելանում են այն պատճառով, որ վարկերի տոկոսները ժամանակին չեն վճարում և հավանականությունը մեծ է, որ նրանց, որպես բաժանորդներ, կանջատեն էլեկտրամատակարարումն ու բնական գազը:
Մետալուրգիական հանքարդյունաբերության և քիմիական արդյունաբերության արհմիությունները հորդորում են Վրաստանի բանկին, «Էներգո-Պրո-Ջորջիա» ընկերությանը և «Սոկարգազին» հաշվի առնել ստեղծված իրավիճակը և այլևս չխստացնել տղիբուլցիների սոցիալական վիճակը:
Արհմիությունը նաև կոչ է անում Վրաստանի կառավարությանը շտապ գումար հավաքել հանքափորների աշխատավարձերը վճարելու համար: Ինչպես նաև տեղեկացնել հանքափորներին այն մասին, թե կառավարությունն ու ընկերությունն ինչ մտքեր ունեն՝ կապված ածուխի արդյունահանման գործընթացի վերականգնման հետ», – ասվում է տարածված տեղեկատվության մեջ: