Նախորդ տարի Վրաստանում փորձարկման է վերցվել կաթնամթերքի 100 նմուշ՝ դրանց որակը պարզելու նպատակով։ Ստուգման արդյունքում որոշ մթերատեսակների մեջ հայտնաբերվել են բուսական ճարպեր։

«Վրաստանի Ռազմավարական հետազոտությունների և զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության momxmarebeli.ge կայքի փոխանցմամբ՝ Ֆինանսների նախարարության Քննչական ծառայության տեղեկատվության հղումով, 2022 թվականին 6 քրեական գործի առթիվ հետաքննություն է սկսվել՝ կաթի և կաթնամթերքի մեջ բուսական ճարպերի հայտնաբերման փաստով:

Մեկ գործով հանցագործությունը հաստատվել է: 2023 թվականի դրությամբ հետաքննությունը շարունակվում է ևս 5 գործով։

Խախտում է հայտնաբերվել հետևյալ ձեռնարկությունների մթերքներում.

ՍՊԸ «Ատինատի»՝ թթվասեր, մածուն, կաթնաշոռ,

ՍՊԸ «Զեկար»՝ պանիր,

ՍՊԸ «Ֆիդան Նատուրա»՝ «Տատիկի պանիր Իմերուլի»,

ՍՊԸ «Ամալթեա»՝ մածուն:

«Դատարան ուղարկված գործի վերաբերյալ ստույգ տեղեկություն չի հաջողվել ստանալ։ Սակայն, ըստ Գերագույն դատարանի, 2022 թվականին դատավճիռներ են կայացվել Վրաստանի շրջանային (քաղաքային) դատարաններում կեղծիքի մեղադրանքով հարուցված բոլոր գործերով (ՔՕ 197 և 197 հոդվածներ)։ Այնպես որ, ենթադրաբար, վերոնշյալ գործով, որը դատարան է ուղարկվել Ֆինանսների նախարարությանն առընթեր Քննչական ծառայության կողմից, պետք է մեղադրական դատավճիռ կայացվեր»,- գրում է momxmarebeli.ge-ն։

Նրանց տեղեկատվության համաձայն՝ սույն կազմակերպությունը 2020 թվականին կատարել է կաթնամթերքի 76 նմուշառում և 11 նմուշներում հայտնաբերել խախտումներ, ինչը կազմել է 14,5 տոկոս։

«Բոլոր դեպքերում, կեղծ կաթնամթերքի դեմ պայքարում Ֆինանսների նախարարությանը կից գործող Քննչական ծառայության ներգրավումը դրական քայլ է։ Սակայն սա, հավանաբար, բավարար չի լինի այս հանցագործության դեմ պայքարելու համար։ Այստեղ որոշիչ խոսքը պատկանում է Պարենի ազգային գործակալությանը, որն իրականացնում է պարենային ապրանքների համակարգված վերահսկողություն։ Անհրաժեշտ է, որ այդ վերահսկողությունը լինի արդյունավետ, տեղեկատվությունը հրապարակվի պարբերաբար, իսկ հասարակությունը որոշակի մոնիտորինգ իրականացնի»,- գրում է momxmarebeli.ge-ն։

Աղբյուրը՝ Netgazeti

Լուսանկարը՝ Jnews-ի արխիվից