Ախալքալաքում փողոցային առևտուրը դեռևս մնում է խնդիր: Այն մարդիկ, ովքեր զբաղվում են փողոցային առևտրով, դրա իրավունքն ունեն մինչև սեպտեմբերի 15-ը, իսկ դրանից հետո ստիպված են լինելու ազատել փողոցը:
Ուսումնական տարվա սկիզբին առևտրականներին թույլատրվել է փողոցներում՝ գյուղատնտեսական շուկայի և հագուստի տոնավաճառի մոտակայքում, տեղադրել վաճառասեղաններ, սակայն քաղաքապետարանն զգուշացրել է, որ սեպտեմբերի 15-ից կարգելվի փողոցային առևտուրը: Ախալքալաքի Նալբանդյան փողոցի ամենաբանուկ հատվածը, ինչպես միշտ մարդաշատ է: Ծնողներն իրենց երեխաների համար գրենական պիտույքներ և անհրաժեշտ իրեր են գնում:
Վաճառողները չեն թաքցնում, որ այս տարի «գործը եռում է» համեմատած նախորդ տարիների հետ:
Jnews-ը շրջեց Նալբանդյան փողոցում պարզելու, արդյո՞ք վաճառողները տեղյակ են, թե մինչև ե՞րբ է թույլատրվում փողոցային առևտրով զբաղվել, և առևտրականներն ի՞նչ են մտածում այդ մասին, ինչքանով կտուժի իրենց բիզնեսն այդ որոշումից:
Գրենական պիտույքներ վաճառող Հարությունի խոսքով, անցած տարվա համեմատ, այս տարի առևտուրն անհամեմատ շատ է:
«Մեզ եկել և զգուշացրել են, որ այստեղ առևտրով կարող ենք զբաղվել մինչև սեպտեմբերի 15-ը, բայց եթե ճիշտն ասեմ՝ 15-ից հետո կոնկրետ մեր բիզնեսը մեծ վնասներ չի կրի, քանի որ դրանից հետո, գրեթե բոլորն արդեն ահրաժեշտ ամեն ինչ գնած են լինում»:
Իրավիճակն այլ է Նալբանդյան փողոցում միրգ և բանջարեղեն վաճառողների պարագայում: Մխիթարը միրգ է վաճառում: Նա զգուշացման մասին տեղյակ չէ:
«Եթե չթողնեն փողոցում առևտուր անել, ապա հարց է առաջանում, թե ու՞ր են գնալու վաճառողները: Լավ կլինի, որ շուկայի տարածքը մեծացնեն հետո նոր մարդկանց արգելեն փողոցում առևտուր անել: Այս պահին կարող եմ ասել, որ առևտուր կա և չեմ դժգոհում, բայց եթե արգելք լինի, ապա շատերի բիզնեսը կտուժի»:
Պետրեն նույնպես փողոցում է առևտրով զբաղվում, նա Ասպինձայից է գալիս:
«Տեղացի չեմ, այստեղ միրգ եմ վաճառում, տեղյակ եմ արգելքի մասին և կարծում եմ՝ եթե այդպես լինի և շուկայում չկարողանամ տեղավորվել, ուրեմն ստիպված կլինեմ չգալ Ախալքալաք»:
Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանի խոսքով, քանի որ վերանորոգվում են քաղաքի փողոցները և նախադպրոցական առևտրի թեժ շրջանն է, այդ պատճառով՝ զիջման գնալով առևտրականներիվն թույլատրվել է մինչև սեպտեմբերի 15-ը շարունակել իրենց աշխատանքը, սակայն դրանից հետո կգործեն արգելքներ: Կառավարության որոշմամբ ամբողջ երկրի տարածքում արգելվում է փողոցային առևտուրը:
«Մեր կողմից առաջին զգուշացումն արդեն տրված է, եթե հստակ ժամկետներից հետո մարդիկ կրկին շարունակեն փողոցային առևտուրը, ապա հարցը կլուծենք օրենքի սահմաններում: Ինչ վերաբերում է շուկային, ապա մարդկանց կտրամադրվի տարածք՝ իրենց գործով զբաղվելու: Կան մարդիկ, ովքեր ունեն առանձին խանութներ, նրանք կտեղափոխվեն սեփական տարածքներ և փողոցը կբացվի»,- ասում է Ախալքալաքի քաղաքապետը: