Վրաստանում շարունակվում են ընտրովի արդարադատությունն ու իշխանության ընդդիմախոսների քաղաքական հետապնդումները: Այս մասին ասվում է Amnesty International-ի տարեկան զեկույցում, որը նկարագրում է 2022 թվականին մարդու իրավունքների իրավիճակը 156 երկրներում։
«Արտահայտվելու իրավունքն էլ ավելի սահմանափակ էր։ Ընտրովի արդարադատությունն ու իշխանությունների ընդդիմախոսների քաղաքական հետապնդումները շարունակվում են: Նոր օրենքներն ընդլայնել են կառավարության վերահսկողական լիազորությունները և էլ ավելի խաթարել դատական իշխանության ու պաշտոնական դիտորդների անկախությունը: Կանայք և աղջիկները շարունակում են ենթարկվել բարձր մակարդակով խտրականության և բռնության: Խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի արդյունավետ հետաքննության ձախողումը կրկին խնդիր է մնում կառավարության կողմից վերահսկվող և անջատողական շրջաններում», – ասվում է զեկույցում:
Amnesty International-ը նշում է, որ 2021 թվականի հուլիսին լրագրողների նկատմամբ բռնության ենթադրյալ կազմակերպիչները քրեական պատասխանատվության չեն ենթարկվել։ Նշվում է նաև, որ 2017 թվականին ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի առևանգման գործը արդյունավետ չի հետաքննվել, և մինչև 2022 թվականի վերջը մեղադրանք չի առաջադրվել՝ չնայած այն հանգամանքին, որ Մուխթարլին լուսանկարներով բացահայտել է իր առևանգողներից մեկին։
Անարդար դատավարությունների մասին բաժնում Amnesty International-ը որպես օրինակ է բերում «քաղաքական դրդապատճառներով կեղծ մեղադրանքները»՝ առաջադրված Մամուկա Խազարաձեի, Բադրի Ջափարիձեի և Ավթանդիլ Ծերեթելիի նկատմամբ:
Որպես օրինակ բերվում է նաև Միխեիլ Սաակաշվիլիի «քեյսը»։ «Չնայած բժշկական եզրակացություններին, որոնք վկայում են հնարավոր «ծանր մետաղներով թունավորման» և «մահվան վտանգի զգալի աճի» մասին, Թբիլիսիի դատարանը բժշկական նկատառումներով չի հետաձգել պատժի կատարումը մինչև տարեվերջ»,- ասվում է զեկույցում։