Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ չվերթները կարող են վերսկսվել մեկ ամսից։ Այս մասին «Mtavari Arkhi» հեռուստաալիքի հետ հեռախոսազրույցում ասել է Եվգենի Պրիմակովի անվան կրեմլամետ Վրաց-ռուսական հասարակական կենտրոնի ղեկավար Դմիտրի Լորթքիփանիձեն։ Նրա խոսքով, առաջին փուլում կսահմանվի առանց վիզայի ռեժիմ, որից հետո կվերականգնվեն չվերթները։
«Ակնկալում ենք, որ խոստումները շուտով կկատարվեն։ Մենք սպասում էինք, որ դա կլիներ ավելի վաղ, բայց ինչ-ինչ պատճառներով այն կրկին հետաձգվեց։ <…> Անկեղծ ասած, կարող եմ ենթադրել, որ դա տեղի կունենա առաջիկա ամսվա ընթացքում։ Ինչո՞ւ պետք է [Վրաստանի] կառավարությունն ընդդիմանա դրան»,- ասել է Լորթքիփանիձեն։
Վերջինս հիշեցրել է նաև, որ ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը նախկինում անդրադարձել է վիզաների չեղարկման և չվերթների վերսկսման թեմային։ Նա ասել է, որ կողմերը «այս հարցը լուծելու շեմին են» կանգնած։
Նշենք նաև, որ 2022 թվականի դեկտեմբերին Դիմիտրի Լորթքիփանիձեն Վրաստանից ժամանած այլ կրեմլամետ ակտիվիստների հետ մասնակցել է Մոսկվայում անցկացվող «Ռուս-վրացական հարաբերությունները և դրանց զարգացման հեռանկարները» խորագրով ֆորումին։ Հանդիպման արդյունքում մասնակիցները որոշել են առաջարկություններով դիմել Ռուսաստանի և Վրաստանի ղեկավարներին, որոնց «որոշմանն այդքան սպասում են մեր քաղաքացիները».
Թբիլիսիի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ միայն կողջունեն Մոսկվայի որոշումը՝ վերսկսել ուղիղ ավիահաղորդակցությունը:
Աղբյուրը՝ SovaNews