Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գորելովկա գյուղի բնակիչները դադարել են հավատալ, որ երբևէ իրենց տներում կլինի բնական գազ։ Գորելովկայում բնական գազի առկայությամբ հետաքրքրված են և՛ գյուղացիները, և՛ գազաբաշխիչ SJGC ընկերությունը, և՛ Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանը, սակայն, չնայած դրան, դեռևս իրական արդյունքներ չկան։

Բնական գազը Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գորելովկա գյուղի բնակիչների համար անհասանելի երազանք է դարձել։ Նրանք պատրաստ են նույնիսկ իրենց միջոցներով գլխավոր մայրուղին կառուցել, միայն թե ունենան բնական գազ։ Գյուղի բնակիչները, գազատարի կառուցման համար, մի քանի անգամ գումար են հավաքել, հետո տարբեր պատճառներով գումարը հետ են վերադարձրել։ Բնակիչներն արդեն հոգնել են վառելափայտից ու աթարից, բնական գազ ունենալու համար պատրաստ են գումար ծախսել, նույնիսկ բանկից վարկ վերցնել։

«Ամեն տարի խոստանում են գյուղում գազ անցկացնել, բայց չեն անում, հոգնել ենք այս խոսակցություններից ու չենք հավատում, որ գազ կունենանք»,- ասում է Գորելովկա գյուղի բնակիչ Շաքրո Մկրտչյանը։

Նրա հետ համաձայն են համագյուղացիները, ովքեր դժգոհում են, Գորելովկա գյուղի ծանր պայմաններում, բնական գազի բացակայության անհարմարությունից։

Անցյալ տարի՝ 2022 թվականին, Նինոծմինդայի տեղական բյուջեից Գորելովկա գյուղ գազատարի կառուցման համար հատկացվել էր 600.000 լարի, բնակիչները հույս ունեին, որ բնական գազն արդեն իրականություն կդառնա, բայց սա ևս մեկ հիասթափություն էր, քանի որ այդ գումարը չծախսվեց գազատարի կառուցման վրա։

Շատ դժվար է պարզել, թե ինչու գազը չի բերվել Գորելովկա, քանի որ կոնկրետ պատճառները մնում են չճշտված։

Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը Jnews-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ դրամական միջոցներ իսկապես հատկացվել էր Գորելովկա գյուղին բնական գազ մատակարարելու համար։

«Գազի անցկացումը քաղաքապետարանի իրավասության մեջ չէ, մենք ուզում էինք մասնակի համաֆինանսավորմամբ ընկերության հետ միասին իրականացնել այդ աշխատանքները։ Ընկերության հետ համաֆինանսավորումը չիրականացավ, քանի որ նախագիծը թերի էր, այն թերի չլինելու համար, նրանք պետք է կազմեին նաև այլ նախագիծ։ Ընկերության համար ձեռնտու չէ գազ մատակարարել միայն Գորելովկա գյուղին»,- ասաց Անիվարդ Մոսոյանը։

Անցյալ տարի գազիֆիկացման համար հատկացված 600 հազար լարի գումարը Նինոծմինդայի քաղաքապետարանը ծախսել է այլ աշխատանքների համար։

SJGC գազաբաշխիչ ընկերության տնօրեն Վրեժ Բերիկյանն ասում է, որ նախնական պայմանավորվածություն եղել է, սակայն քաղաքապետարանը չի կարողացել օգտագործել հատկացված գումարը։

«Այս պահին բնակչությունը կրկին միջոցներ է հավաքում գազատար մայրուղու կառուցման համար, բայց մենք դեռ պատրաստ չենք։ Վերջնական որոշում դեռ չկա։ Մենք այնտեղ ծավալների հետ կապված այլ խնդիր ունենք, մենք պետք է գազ մատակարարենք ոչ միայն Գորելովկային, այլեւ ապահովենք Նինոծմինդան։ Հեշտիա գյուղից պետք է նոր գիծ կառուցենք, որպեսզի Գորելովկան գազ ունենա։ Հավանականություն կա, բայց որոշում չկա»,- ասաց Վրեժ Բերիկյանը։

Վրեժ Բերիկյանի խոսքով, նախագծի մշակման վրա ծախսել են մոտ 40 հազար լարի։

Գորելովկայի գազաֆիկացման հարցը բաց է մնում, քանի որ գազիֆիկացման նախագծի առկայությունը հույս է տալիս, սակայն վերջնական որոշման և կոնկրետ քայլերի բացակայությունը հիասթափեցնում է բնակչությանը։