Երիտասարդությունը բողոքի տևական ակցիաների մասին է հայտարարում:
Մայիսի 12-ի գիշերը, 12:30 Թբիլիսիի 3 գիշերային ակումբներ միաժամանակ ներխուժել են դիմակներով հատուկջոկատայինների զինված խմբեր:
ՆԳՆ հայտարարության համաձայն՝ հատուկ գործողություն էր անցկացվում թմրանյութ իրացնողների դեմ: «Ռուսթավի-2» հեռուստաընկերության նկարահանած կադրերում երևում է, թե ինչպես էին մարդկանց դուրս բերում ակումբներից: Ոմանց հագուստը պատռված էր, ուղիղ եթերում ցուցադրվում էր տասնյակ մարդկանց ձերբակալություն: «Բասիանի» ակումբում կալանավորվել է դրա մի քանի հիմնադիր, իսկ ակումբը փակել են և վրան կնիք դրել:
«Բասիանիում» գտնվող ականատեսները լրագրողներին պատմել են, որ ոստիկանությունը կոպիտ էր գործում և ինքն էր թմրանյութեր լցնում ակումբի տարածքում:
Առավոտյան ՆԳՆ-ն արտակարգ հայտարարություն է տարածել: Դրանում ասվում է, որ «երեք ամիս ինտենսիվ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ են անցկացվել Թբիլիսիի «Բասիանի» և «Գալերեա» ակումբներում թմրանյութերի իրացման փաստերի հայտնաբերման ուղղությամբ: 2018թ-ի մայիսի 12-ին այդ ակումբներում անհրաժեշտ քննչական գործողություններ են անցկացվել, որոնց արդյունքում ձերբակալվել է թմրանյութերի 5 իրացնող»:
Նարկոքաղաքականությունը Վրաստանում. հրաժարում բռնաճնշումներից
«Բասիանի» էր եկել օմբուդսմեն Նինո Լոմջարիան: Նրա խոսքով՝ ինքն ակտիվորեն կապ է պահում ՆԳՆ ներկայացուցիչների հետ անցկացված հատուկ գործողության մասին ավելի շատ տեղեկատվություն ստանալու համար:
«Ես ունեմ այն տեղեկատվությունը, որը տարածում է մամուլը: Իմ ներկայացուցիչներն արդեն այցելել են ժամանակավոր պահպանման մեկուսարան: Ես ուղիղ կապի մեջ եմ ՆԳՆ հետ: Մի շարք հարցեր ունեմ հատուկ գործողության ձևի և դրա անհրաժեշտության վերաբերյալ», — հայտարարել է Նինո Լոմջարիան:
Բավականին արագ «Բասիանի» ակումբի մոտ մի քանի հարյուր մարդ էր հավաքվել: Նրանք ոտքով Ռուսթավելու պողոտայով քայլեցին դեպի խորհրդարան: Առավոտյան 4-ին բարձրագույն օրենսդիր մարմնի շենքի մոտ ինքնաբուխ ակցիա տեղի ունեցավ: Դրա մասնակիցների և ոստիկանության միջև մի քանի բախում տեղի ունեցավ, որից հետո մի քանի ցուցարար ձերբակալվեց: Առավոտյան 5-ի կողմերը կենտրոնական թբիլիսյան փողոցները՝ Ծերեթելիի և Ռուսթավելիի պողոտաները, ողողեց ոստիկանությունը: Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ շարունակելու են տևական ակցիաներն իշխանությունների նարկոքաղաքականության ազատականացմանը հասնելու համար:
Ակումբներում անցկացված հատուկ գործողություններին մի քանի ողբերգություն էր նախորդել. նվազագույնը 5 մարդ էր մահացել և ավելի քան տասը մարդ ծանր թունավորման ախտանիշներով հիվանդանոց էր տեղափոխվել անհայտ թմրանյութ օգտագործելուց հետո: Բոլոր ողբերգական դեպքերը կապված էին Թբիլիսիի տարբեր գիշերային ակումբների հետ: Դրանից անմիջապես հետո որոշ քաղաքական գործիչներ և լրատվամիջոցներ գիշերային ակումբների դեմ ակտիվ արշավ սկսեցին: ՆԳՆ իր հերթին հայտարարեց նարկոհանցագործությունների դեմ պայքարի խստացման մասին:
Գիշերային ակումբներում անցկացված հատուկ գործողություններին արձագանքել է Ֆեյսբուքի վրացական սեգմենտը: Ոմանք արդարացնում են իրավապահների գործողությունները:
«Բարիգաներին՝ բանտ: Սպառողներին՝ վարչական պատիժ…»
Սակայն շատերը կարծում են, որ թմրանյութեր վաճառողների դեմ պայքարի այդ ձևը երկրի հեղինակությանը վնաս է հասցնում:
«Երիտասարդությունը եկել է պարելու, և հանկարծ հատուկջոկատայիններն են ներխուժում»:
«Այդ ամենը տեսնում են զբոսաշրջիկները: Ամո՛թ»:
«Բարդուղիմեոսյան գիշեր են սարքել: Սարսափելի է»:
Շատերը զուգահեռներ են անցկացնում հատուկ գործողության և նրա միջև, որ նախօրեին՝ մայիսի 11-ին, իշխող «Վրացական երազանքի» կուսակցական համագումարին նախագահ էր ընտրվել նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, ինչը նշանակում է պաշտոնապես վերադարձ դեպի քաղաքականություն: Այս տեսանկյունը կիսողների կարծիքով՝ գործողության գլխավոր նպատակը ոչ թե նարկոդիլերների դեմ պայքարն է, այլ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի զգալիորեն աճած քաղաքական ազդեցությունը, որն ակտիվորեն սատարում է Թբիլիսիի գիշերային կյանքը և գիշերային ակումբների զարգացումը:
«Վերադառնալով քաղաքականություն՝ Բիձինան առաջին իսկ օրը հասկացրեց, թե ով է իրականում գլխավորը, ցարը, Թբիլիսիի և համայն Վրաստանի քաղաքապետը»:
«Կալաձե, ո՞ւր ես: Փլվեց քո գիշերային տնտեսությունը»:
«Հիմա մի քանի իրացնողի կնստեցնեն: Հետո կգա Կալաձեն և ներողություն կխնդրի անհարմարությունների համար, և ողջ հասարակությունը կհամաձայնի, որ ամեն ինչ մեր բարօրության համար է արվում»:
Նյութը արտատպված է JAMnews կայքից