Սահմանադրական իրավունքի մասնագետ Վախուշտի Մենաբդեն հայտարարել է, որ «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը հետ կանչելու մասին ընդամենը հայտարարություն անելը բավարար չէ, դրա համար անհրաժեշտ են կոնկրետ ընթացակարգեր։

Խորհրդարանական մեծամասնությունը հինգշաբթի առավոտյան հայտարարել է, որ հասարակական անդորրը պահպանելու համար հետ է կանչում առաջին ընթերցմամբ ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։ Այս նախագծի շուրջ զանգվածային բողոքի ցույցեր տեղի ունեցան մի քանի օր շարունակ և անցած գիշեր վերածվեցին բախումների ցուցարարների և հատուկ ջոկատայինների միջև։

«Առաջին ընթերցմամբ արդեն իսկ ընդունված օրենքի նախագիծը հետ կանչել ուղղակի անհնար է։ Խորհրդարանի կանոնակարգի համաձայն՝ առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծը հետ կանչման ենթակա չէ։ Դա անելու համար այն պետք է երկրորդ ընթերցմամբ քվեարկության դրվի և դրա արդյունքներով չընդունվի»,- ասում է Մենաբդեն։

Ինչ վերաբերում է օրինագծի երկրորդ տարբերակին, որի համար խորհրդարանը չհասցրեց քվեարկել առաջին ընթերցմամբ, ապա դրա հետկանչումը պետք է ստորագրեն փաստաթղթի բոլոր նախաձեռնողները՝ «Ժողովրդի ուժ» շարժումը։

«Այսինքն՝ առաջին դեպքում խորհրդարանական մեծամասնությունը պետք է իր ձեռքով դեմ քվեարկի նախագծին, իսկ երկրորդում՝ «Ժողովրդի ուժը» պետք է իր ստորագրությամբ մերժի իր գաղափարը»,- ասում է փաստաբանը։

Խորհրդարանական ապարատն ավելի վաղ հայտարարել էր, որ այս շաբաթվա բոլոր նիստերը չեղարկվել են, քանի որ բողոքի ցույցերի ընթացքում վնասված ենթակառուցվածքները պետք է վերականգնվի։

Սա նշանակում է, որ այս շաբաթ օրինագիծը չի «տապալվի», նշում է Netgazeti-ն։