Խորհրդարանը սկսում է այսպես կոչված գործակալներին վերաբերող օրինագծերի քննարկումը: «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» և «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքի նախագծերը կքննարկվեն մարտի 2-ին՝ Արտաքին կապերի և պաշտպանության ու Անվտանգության խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում։

Օրինագծերը ներկայացրել են «Ժողովրդի ուժի» պատգամավորները, որոնք մեծամասնության կազմում են, մասնավորապես՝ Սոզար Սուբարին, Դիմիտրի Խունդաձեն, Միխեիլ Կավելաշվիլին, Գուրամ Մաճարաշվիլին, Դաչի Բերայան և Վիկտոր Ջափարիձեն, Էկա Սեփաշվիլին, Դավիթ Կաճարավան և Զաալ Միքելաձեն։

Սկզբում խորհրդարանում նախաձեռնվել էր «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը։ Այն նախատեսում է գրանցել որպես օտարերկրյա ազդեցության գործակալ այնպիսի ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային) իրավաբանական անձանց և ԶԼՄ-ների, որոնց եկամուտը (ավելի քան 20%-ը) ստացվում է արտերկրից։ Նույն օրինագծի համաձայն՝ բոլոր նրանք, ովքեր համարվում են օտարերկրյա ազդեցության գործակալ, պետք է նույն անունով գրանցվեն Պետական ռեեստրի տվյալների բազայում։ Գրանցվելիս անհրաժեշտ կլինի արտացոլել ստացված եկամուտը։ Միաժամանակ կազմակերպություններից կպահանջվի ամեն տարի լրացնել ֆինանսական հայտարարագիր։

Օրինագիծը լիազորում է Արդարադատության նախարարությանը ցանկացած պահի իրականացնել հարցի հետազոտում և ուսումնասիրություն-մոնիթորինգ։ Որպես օտարերկրյա ազդեցության գործակալ գրանցվելուց խուսափելու կամ հայտարարագիր չլրացնելու համար կազմակերպության նկատմամբ կկիրառվի տուգանք 25000 լարիի չափով։ Օրինագիծը նախատեսում է նաև տուգանքների հետևյալ տեսակները. եթե կազմակերպությունն Արդարադատության նախարարության կայքում չի լրացնում դիմումի ձևը թողտվության օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ 10 հազար լարի, իսկ փաստաթղթերի թերությունները նշված ժամկետում չշտկելու դեպքում՝ 10 հազար լարի, մեկ ամիս անց օրենքով սահմանված իրավախախտումը կրկնելու դեպքում` 20 հազար լարի:

Ինչ վերաբերում է երկրորդ՝ «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքի նախագծին, ապա, այս օրինագծի համաձայն՝ արտերկրից ֆինանսավորում ստացող ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձ պարտավորվելու է գրանցվել որպես օտարերկրյա գործակալ։

«Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքով նախատեսված պարտավորությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է քրեական պատասխանատվություն և նախատեսում է տուգանում կամ ազատազրկում՝ մինչև հինգ տարի ժամկետով։

Օրինագծի համաձայն՝ այն սուբյեկտները, որոնք համապատասխանում են օրինագծով սահմանված չափանիշներին որպես օտարերկրյա ուժի գործակալ, պարտավոր են դիմել գլխավոր դատախազին և խնդրել գրանցել որպես օտարերկրյա ուժի գործակալ։

Օրենքը չի տարածվի դիվանագետների, հյուպատոսների և դիվանագիտական ծառայության ու հյուպատոսական հիմնարկների աշխատակիցների վրա։ Օրենքը չի վերաբերի նաև օտար երկրի պաշտոնատար անձանց, բարեգործական գործունեությամբ զբաղվող անձանց և «բարեխղճորեն կրոնական, կրթական, գիտական, ակադեմիական կամ գեղարվեստական գործունեությամբ զբաղվող» անձանց վրա։