Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան այս տարի առաջին անգամ ներկայացրել է հայ մրցարշավորդ Արթուր Գորոյանին, ով տարին սկսել է կարևոր հաղթանակով։ Նա հաղթանակ է տարել Աբու Դաբիի 6-ժամյա մրցավազքի TCR դասում։ Գրում է tert.am-ը:

Ավտոարշավորդը ծնվել է Նինոծմինդայի Խոջաբեկ գյուղում, ապրում է ՌԴ-ում, հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։ Մարզական կարիերան սկսել է 2009 թվականին կարտինգում, որի արդյունքում դարձել է Ռուսաստանի չեմպիոն: Այնուհետև, նա հանդես է եկել GT1, GT2, GT3 մրցումներում։ 2013 թվականին ստացել է C կարգի լիցենզիա, որը նրան թույլ է տվել հանդես գալ առաջին կարգի միջազգային մրցումներում։ Հիմա արդեն Արթուր Գորոյանը B կատեգորիայի միջազգային արտոնագիր ունի։ Գորոյանը թիմակից արշավորդ Ռոմանով Մավլանովի հետ հաղթանակ է տարել հունվարի 21-ին Աբու Դաբիում (ԱՄԷ) կայացած TCR շարքի 6-ժամյա մրցավազքում: Նա 6 վայրկյան շուտ է կարողացել ավարտել հիմնական մրցակից «Wolf – Power Racing»-ի անձնակազմից։

Արթուր Գորոյանը 10 տարուց ավելի է, ինչ զբաղվում է այս սպորտաձևով և մրցումների մասնակցում է հիմնականում Գերմանիայում։

Լրագրողները հետաքրքրվել են՝ արդյո՞ք մարզիկը մտադրություն չունի տեղափոխվել և բնակություն հաստատել Հայաստանում։

«Գիտեք, մրցույթների բնույթն այնպիսին է, որ ես միշտ տեղից տեղ եմ գնում՝ Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, բայց ամենուր ելույթ եմ ունենում Հայաստանի դրոշի ներքո և հենց դա է իմ տունը»,- ասել է նա։

Ավտոարշավորդը խոսելով նաև իր մարզական կարիերայում գրանցած լավագույն նվաճան մասին, նշել է, որ դա 2013 թ. Նյուրբուրգրինգում 4 ժամանոց մրցաշարն էր, որտեղ զբաղեցրել է առաջին հորիզոնականը։

«Իսկ եթե հուզական առումով խոսեմ, ապա պետք է նշեմ Աբու Դաբիի մրցաշարը, որտեղ ներկայանում էինք հայ թիմով, հայկական դրոշով, հայ պիլոտներով։ 2013 թ-ի մրցաշարը գերմանական թիմով էր, որտեղ ես միակ հայ պիլոտն էի։ Ինձ բավական հաճախ են հարցնում՝ ինչ է պետք անել այս սպոտով զբաղվելու համար։ Գիտեք, այնպիսի տպավորություն է, որ երիտասարդները շատ չեն փնտրում և փորձում հասկանալ, թե ինչ գոյություն ունի։ Առաջն հերթին կա ավտոսպորտի ֆեդերացիա, ավտոակումբներ, որտեղ կարող են դիմել և սկսել իրենց կարիերան»: