Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը վրաց-հայկական մշակութային կապերի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար արժանացել է պատվոգրի: Պատվոգիրը շնորհվել է Վրաց լեզվի օրվա շրջանակներում`Թբիլիսիի Սակրեբուլոյում (քաղաքային խորհուրդ) կազմակերպված միջոցառման ժամանակ:
«Վրաստանը մեր երկիրն է, որի զավակներն մենք ենք: Կապ չունի ինչ ազգի ներկայացուցիչ ենք, մենք պատասխանատու ենք մեր երկրի ցանկացած հաջողության և անհաջողության համար: Այս առումով, պետք է նշել նաև մեր պատմական հայրենիքի՝ Հայաստանի մասին, և բոլորս պետք է գիտակցենք, որ կամուրջ ենք այս երկու երկրների միջև: Մենք երկու հայրենիքի զավակ ենք և մեր գործով պետք է նպաստենք դրանց զարգացմանը»,- պարգևատրման ելույթի ժամանակ ասել է Արմեն Բայանդուրյանը:
Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը JNEWS-ի հետ զրույցում ասաց, որ պատվոգիրը ստացել է փետրվարի 21-ին, վրաց-հայկական մշակութային կապերի զարգացման, բարեկամության և ծավալած գործունեության համար՝ նշելով, որ իր յուրաքանչյուր ստացած պատվոգիր նաև թատրոնինն է:
Արմեն Բայանդուրյանի խոսքով՝ հայկական թատրոնն այսօր շատ մտերիմ և ստեղծագործական փոխհարաբերությունների մեջ է վրաց բոլոր թատրոնների հետ:
«Համաշխարհային համբավ ունեցող ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան սկսում է իր հերթական բեմադրությունը մեր թատրոնում: Եվ փաստորեն, մեր նոր շենքի բացումը կտրվի վրաց դրամատուրգ Ցագարելիի հայտնի «Խանուման» ներկայացմամբ: Սա մեծ պատիվ է մեզ համար, որ մաեստրոն ցանկություն է հայտնել հենց մեր թատրոնում բեմադրել, ես սա հաղթանակ եմ համարում հայկական թատրոնի համար», – JNEWS-ին ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը:
Կարող եք կարդալ նաև՝
Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը 167 տարեկան է։ Այն հիմնադրվել է 1856-ին: Հավլաբարում գտնվող ներկայիս շենքում թատրոնը սկսել է գործել 1936-ից: 1921 թվականի մայիսի 1-ին թատերախումբը ստացել է պետական թատրոնի կարգավիճակ և կոչվել Ստեփան Շահումյանի անվամբ, սակայն 1991-ին թատրոնը վերանվանվել է, և մինչև օրս հանդես է գալիս որպես Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոն անվամբ: