Փետրվարի 27-ին և 28-ին, Սոցիալական արդարության կենտրոնը Նինոծմինդայի և Ախալքալաքի բնակիչների համար իրավաբանական աջակցության հանդիպումներ կանցկացնի։ Ախալքալաքում հանդիպումը տեղի կունենա փետրվարի 28-ին, Jnews-ի գրասենյակում, ժամը՝ 12:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում:
Սոցիալական արդարության կենտրոնի իրավաբաններն անվճար իրավաբանական խորհրդատվություն/օգնություն են առաջարկում տեղի բնակիչներին իրենց համար խնդրահարույց իրավական հարցերի վերաբերյալ: Իրավաբանը վրացախոս է, սակայն տիրապետում է նաև ռուսերեն լեզվին, իսկ անհրաժեշտության դեպքում կտրամադրվի նաև հայերեն թարգմանություն:
Խորհրդատվական բնույթի հանդիպումներն անցկացվում են «Միասնությունը բազմազանության մեջ է» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Վրաստանի Միավորված ազգերի կազմակերպության ասոցիացիայի կողմից, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ:
Սոցիալական արդարության կենտրոնի համակարգող Տիգրան Թարզյանը JNEWS-ին հետ զրույցում ասաց.
«Համապատասխանաբար մարդկանց կտրամադրվի խորհրդատվություն և ներկայացված հարցին կտրվի հետագա ընթացք: Խնդրի իրավաբանորեն խորհրդատվությունը, բացահայտումը և հետագա ընթացքը լրիվությամբ կհոգան մեր կազմակերպության իրավաբանները: Մեր հիմնական նպատակը սոցիալական արդարության վերականգնումն է, իսկ ընդհանրապես սոցիալական հարցերի շուրջ աշխատելը երկարաժամկետ գործընթաց է, և մենք պատրաստ ենք աշխատել Ջավախքի բնակիչների հետ երկարաժամկետ և տրամադրել իրավաբանական օգնություն»:
Իրավաբանական օգնությունը կտրամադրվի հետևյալ հարցերով՝ էթնիկական, կրոնական խտրականության, ոստիկանների կողմից ոչ պատշաճ վերաբերմունքի, քաղաքացիության, հողի սեփականության գրանցման, ընտանեկան բռնության և հարկադիր ամուսնության հարցերով:
Սոցիալական արդարության կենտրոնի ներկայացուցիչներն ապահովում են բնակչության սոցիալական խնդիրների բացահայտումը և ընդհանուր խնդիրների մասին տեղեկատվության տրամադրումը համապատասխան պետական մարմիններին:
Սոցիալական արդարության կենտրոնը մարդու իրավունքների և սոցիալական արդարության հարցերով աշխատող կազմակերպություն է, որը՝ ի թիվս այլ հարցերի, աշխատում է սոցիալական իրավունքների և հավասարության քաղաքականության ուղղությամբ։