Ախալքալաքցի հունահռոմեական ոճի ըմբիշ Հայկ Մնացականյանն ըմբշամարտով զբաղվում է 7 տարեկանից։ Նա ծնվել է Ախալքալաքում, սակայն մանուկ հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա, որտեղից էլ սկսվել է նրա սպորտային ուղին։ Այսօր նա Բուլղարիայի չեմպիոն է եւ տարբեր միջազգային մրցույթների հաղթող ու մրցանակակիր։
«Մանկուց գերակտիվ երեխա էի, մայրս ինձ սովորեցրել էր ավելի զուսպ լինել, երբ նոր էինք տեղափոխվել Մոսկվա, ես պատահական տեսա ըմբշամարտի մարզադահլիճը, գնացի այնտեղ և մնացի: Ոչ ոք չէր մտածում, որ ես դեռ երկար կմնամ այնտեղ»,- պատմում է նա:
Գրեթե 20 տարի անց Հայկն արդեն 2018 և 2019 թվականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է, Տոկիոյի 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերի մասնակից, 2019 և 2022 թվականների Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր, 2023 թվականի Բուլղարիայի չեմպիոն և բազմաթիվ միջազգային մրցաշարերի հաղթող:
Ըստ Հայկի՝ իր սպորտային առաջխաղացման գործում մեծ դեր է խաղացել մայրը՝ աջակցել է իրեն և մոտիվացրել, երբ նա ցանկացել է թողնել ամեն ինչ։
«Դժվար էր նոր քաղաք տեղափոխվելիս, բայց նա երբեք չէր ասում «վերջ, հանձնվում ենք», հակառակը, ասում էր «ամեն ինչ լավ կլինի»: Շատ անգամներ եմ ուզեցել թողնել պայքարը, բայց չեմ թողել մայրիկիս համար, որպեսզի չնեղացնեմ նրան: Օլիմպիական խաղերում և աշխարհի առաջնությունում տարած անհաջողություններից հետո ես ընկճախտի մեջ էի, ուզում էի անցնել MMA-ի:
Մտածում էի, որ հիմա վերջին մրցաշարին կմասնակցեմ և կհեռանամ: Բայց ես հաղթեցի: Ես հաղթեցի նաև հաջորդ մրցաշարերում: Հավանաբար, դա նշան էր: Երբ մայրիկիս ասացի, որ ուզում եմ MMA-ի անցնել, նա պատասխանեց. «իսկ օլիմպիական խաղե՞րը», – պատմում է Հայկը։
2017 թվականին Հայկը Ռուսաստանից տեղափոխվել է Բուլղարիա և այժմ մարզվում և հանդես է գալիս Բուլղարիայի դրոշի ներքո։ Նրա ընտանիքը մնացել է Մոսկվայում, իսկ նա, կարելի է ասել, երկու երկրում է ապրում։ Հայկը խոստովանում է, որ էմոցիոնալ առումով շատ դժվար է ապրել միայնակ, առանց ընտանիքի:
«Ես ապրում եմ մարզիկների համար նախատեսված շենքում: Ճիշտն ասած, ես նման եմ անտուն մարդու, երբեմն ինձ թվում է, որ ես ընտանիք չունեմ, ես շատ հազվադեպ եմ այնտեղ (խմբ.՝ Մոսկվայում) լինում, անընդհատ մարզվում եմ: Շուրջս կյանքը միապաղաղ է, երեկոյան գալիս եմ տուն, ուզում եմ ինչ-որ մեկի հետ խոսել»,- ասում է նա։
Այս պահին մարզիկը պատրաստվում է ապրիլին կայանալիք Եվրոպայի առաջնությանը, այնուհետեւ աշխարհի առաջնությանը, իսկ նրա գլխավոր նպատակը 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերն են։
Հայկին Ախալքալաքի հետ շատ բան է կապում, այստեղ է անցել նրա մանկությունը, այստեղ են նրա մեծ թվով հարազատներն ու ընկերները, եթե ժամանակ ունենար, կցանկանար ավելի հաճախ գալ այստեղ։ Իր հայրենի հողում նա շատ է գնահատում բնությունը, լեռները, բայց նրան վանում է տեղի բնակչության մտածելակերպը։
«Այդտեղ շատերը դեռ ոտքի չեն կանգնել, բայց արդեն ամուսնանում են, նստում են իրենց ծնողների վզին: Ես դա սխալ եմ համարում: Տղամարդը պետք է պատրաստ լինի ընտանիք ստեղծելու, պահելու այն: Նա պետք է հասկանա քեզ, իսկ դու իրեն և ձեզ միասին ապրելը պետք է հետաքրքիր լինի: Եվ բամբասանքներ… ես չեմ սիրում նման բաներ»:
Հայկը դեռ չի որոշել, թե որտեղ է ուզում ապրել, բայց վստահ է, որ դա հաստատ Մոսկվան չի լինի:
Սպորտից զատ Հայկը ուսումնասիրում է հոգեբանություն: Նա կարծում է, որ մարդ պետք է իրեն լավ հասկանա, ինքն իրեն ուսումնասիրի, իմանա, թե ինչի է ինքն ընդունակ։
«Ինձ մոտ չկա նման բան, որ ես վախենում եմ որևէ մեկից, պարզապես երբեմն չեմ կարողանում կառավարել ադրենալինս: Ես պարտվել եմ 5 կիսաեզրափակիչում, բայց հետո նրանց, ում պարտվել էի, ես նրանց հաղթում էի: Ասում են, որ մարզումների ժամանակ պետք է շատ ջանք թափել, իսկ խաղի ժամանակ լինել թուլացած, դա այդպես է, եթե ասես «ես պետք է հաղթեմ, ես պարտավոր եմ», ապա դա չի ստացվի։ Պետք չէ բացասաբար մտածել, պետք է հավատալ ինքդ քեզ»,- կիսվում է Հայկը։
Վերջինս կարծում է, որ կարգապահությունը մեծ դեր է խաղում հաջողության հասնելու գործում:
«Կարծում եմ, եթե մարդու մոտ կարգապահության հետ կապված ամեն ինչ կարգին է, եթե մի կետին հարվածես, այն վաղ թե ուշ կբարձրանա: Ինձ համար անհնարին ոչինչ չկա՝ կա ցանկություն, կա համառություն, կա կարգապահություն. Գնա՛ առաջ, հասի՛ր քո նպատակին»: