Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարություններ են տարածել Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ՝ ցավակցություն հայտնելով թուրք ժողովրդին և երկրի նախագահին։ Վրաստանի կառավարությունը հայտնում է, որ առաջիկա մի քանի ժամվա ընթացքում Վրաստանը համապատասխան տեխնիկա և փրկարարներ կուղարկի Թուրքիա։
Թուրքիայի և Սիրիայի սահմանին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, զոհվել է ավելի քան 900 մարդ։ Հարյուրավոր մարդիկ վիրավորվել են, զոհերից շատերին դեռ փնտրում են փլատակների տակ։
«Ես սգում եմ Քահրամանմարաշում տեղի ունեցած երկրաշարժի ողբերգական զոհերի համար։
Այս դժվարին պահին Վրաստանը աջակցում է թուրք ժողովրդին։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և ուժ եմ մաղթում նրանց, ովքեր առաջինն են ժամանել դեպքի վայր»,- գրել է Զուրաբիշվիլին Twitter-ում:
«Ցանկանում եմ իմ խորին ցավակցությունը հայտնել թուրք ժողովրդին, Թուրքիայի Հանրապետության կառավարությանը և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Քահրամանմարաշի ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվածների համար։ Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում։
Մենք մոտ ենք թուրք ժողովրդին և պատրաստ ենք նրան ցուցաբերել ցանկացած անհրաժեշտ օգնություն»,- ասել է Վրաստանի վարչապետը։
Վրաստանի կառավարության տվյալներով՝ առաջիկա ժամերին Վրաստանը համապատասխան տեխնիկա և փրկարարներ կուղարկի Թուրքիա՝ մասնակցելու փրկարարական աշխատանքներին։
«Վրաստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցները կներգրավվեն Թուրքիայում երկրաշարժի հետևանքների դեմ պայքարում»,- ասվում է կառավարության հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը հայտարարություն էր տարածել, որում խնդրել էր միջազգային օգնություն՝ ավերիչ երկրաշարժի հետեւանքները վերացնելու համար:
Վերջին տվյալներով՝ Սիրիայում հաստատվել է 320, իսկ Թուրքիայում՝ 931 զոհ։