Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելության (EUMM) նոր ղեկավար է նշանակվել Դիմիտրիոս Կարաբալիսը: Այս մասին հայտնում է Եվրամիության խորհուրդը։

Ներկայում Կարաբալիսը Հունաստանի արտաքին գործերի նախարարությունում զբաղեցնում է Ռուսաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը։

Նա Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի մանդատը կզբաղեցնի 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 14-ը։ Այս պաշտոնում նա կփոխարինի լեհ դիվանագետ Մարեկ Շիգելին։

Կարաբալիսին նշված պաշտոնում նշանակելու մասին որոշումը կայացրել է Եվրամիության խորհրդի քաղաքական և անվտանգության հանձնաժողովը։

Եվրամիության դիտորդական առաքելությունը Վրաստանում իր գործունեությունը սկսել է 2008 թվականի հոկտեմբերից։ Վրաստանն ու Ռուսաստանը պարտավորվում էին կատարել պայմանագրային 6 կետեր՝ ուժ չկիրառել, ռազմական գործողությունները դադարեցնել, հումանիտար օգնության ազատ միջանցք թողնել, երկու կողմերի զորքերի հետքաշում, Աբխազիայում և Հարավային Օսիայում կայունության ու ապահովության համար միջազգային հարթակում բանակցությունների մեկնարկ։

ԵՄ դիտորդները Թբիլիսյան գլխամասային գրասենյակից բացի երեք գրասենյակ ունեն Վրաստանում՝ Զուգդիդիում, որը հսկում է Աբխազիայի վարչական սահմանագիծը, Մցխեթայում ու Գորիում, որոնք հսկում են Հարավային Օսեթիայի բաժանարար գիծը։ 24/7 ռեժիմով հսկողություն իրականացնելու համար աշխատում է 336 քաղաքացիական անձ: Նրանցից 223-ը ԵՄ անդամ երկրների քաղաքացիներ են, 113-ը՝ Վրաստանի։

Խմբերը շրջում են միայն վրացական բաժանարար գծով, չեն անցնում ոչ աբխազական, ոչ օսական վարչական տարածք՝ միայն հատուկ միջադեպերի ու փոխհամաձայնության դեպքում։