Ավելի քան հինգ տարի է անցել այն պահից, երբ Վրաստանը Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիր կնքեց, որի կարևորագույն բաղադրիչներից մեկն Ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրն է։ Այդ համաձայնագիրն ամբողջությամբ չեղարկել է մաքսատուրքերն, ինչն ինքնաբերաբար էժանացրել է վրացական մթերքի գինը եվրոպական շուկայում 20-25 տոկոսով։
Համաձայնագիրը վրացի գործարարների համար բացեց դռները դեպի Եվրոպա։ Ի՞նչ է փոխվել այս հինգ տարում։ Ի՞նչ է այդ համաձայնագիրը տվել վրացի ձեռնարկատերերին և վրացական տնտեսությանը։
Գիորգի Ալադաշվիլին ձեռնարկատեր է Արևելյան Վրաստանի Կախեթի շրջանից։ Ասում է, որ հենց ասոցացման մասին համաձայնագրի ստորագրումն է իրեն ոգեշնչել օրգանական գինու սեփական արտադրություն հիմնել։
Նրա «Ռուիսպիրիս մառանի» ձեռնակությունը գտնվում է Թելավի քաղաքից ոչ հեռու։
«Բիոդինամիկ նշանակում է 100 տոկոսով օրգանական և բնական։ Մեզ մոտ նույնիսկ պատերն են քարից և կրի լուծույթից, ոչ մի ցեմենտ և երկաթբետոն։ Իրականում այս ամենը շատ կարևոր է մեր առողջության համար, Եվրոպայում դրա վրա շատ են ուշադրություն դարձնում», – պարզաբանում է Գիորգին։
90-ականներին նա լքել է Վրաստանն ու հայտնվել Շվեյցարիայում՝ լեռնային գյուղում։ Այնտեղ նա առաջին անգամ է տեսել, թե ինչպես են տեղացիները խաղողի այգիներ մշակում և օրգանական գինի արտադրում։ Հենց այնտեղ է նա իմացել բիոդինամիկ տնտեսության մասին, ուսումնասիրել դրա սկզբունքներն ու որոշել ներդնել դրանք հայրենիքում։
Վերադառնալով հայրենի գյուղ, նա սկսել է հողատարածք փնտրել, որը երբեք քիմիկատներով չի մշակվել։ Նա փորձել է գյուղացիներին բացատրել, որ հերբիցիդները, պեստիցիդներն ու թունաքիմիկատները, որոնք կիրառվում են բերքատվության բարձրացման համար, հյուծում են հողն ու թունավորում մթերքը։
«Ամենից շատ ինձ զայրացնում էր այն, երբ ասում էին, որ բերքը վաճառքի համար է, այլ ոչ թե իրենց։ Իսկ նա, ով գնելու է, ինչո՞վ է մեղավոր։ Քանի դեռ նման մոտեցում կա, մենք Եվրոպայում անելիք չունենք», – ասում է Գիորգին։
Համագյուղացիները շատ էին զարմացել, որ նա դաշտերից երիցուկ և եղինջ էր հավաքում վնասատուների դեմ նյութ սարքելու համար, երբ թունաքիմիկատներն այդքան էժան են։ Եվ թե ինչու էր նա այդքան մանրամասն ուսումնասիրում հողում թաղվող մեծ կավե սափորները՝ կվևրիները, գինին հասունացնելու վրացական ավանդական տեխնոլոգիան։ Չէ՞ որ պլաստմասե տակառներով դա անելը շատ ավելի հեշտ է։
Սակայն, երբ մի քանի տարի անց նրա տնտեսության գինին սկսեց վաճառվել Իտալիայում, Ֆրանսիայում և անգամ Սինգապուրում, բոլորը հասկացան, որ պետք է լսեին համագյուղացուն, որը Եվրոպայից է վերադարձել, և այժմ հաճախ նրանից խորհուրդ են հարցնում։
Այսօր տնտեսությունում 11 մշտական աշխատակից կա։ Սեզոնային աշխատանքների ժամանակ նրանց թիվն ավելանում է ևս 20 հոգով։
«Աշխատում ենք միայն ձեռքերով, տրակտորը խաղողի այգուն մոտ չենք թողնում, Գիորգին արգելում է մեզ հետ բջջային հեռախոս և ծխախոտ վերցնենք․ ասում է՝ խաղողին վնասում է», – պատմում է ամենաերիտասարդ աշխատակից Ռեզոն։
Գիորգին ասում է, որ արտադրանքը Եվրոպա արտահանելու իր փորձը շատերին է հետաքրքրում։
«Սակայն ամենատխուրն այն է, որ հարցնում են միայն եկամտի մասին։ Ոչ ոք չի հետաքրքրվում որակով և բարեխիղճ աշխատանքով։ Իսկ չէ՞ որ Եվրոպայում գնահատվում է հենց արտադրանքի որակը»։
Ի՞նչ է ազատ առևտրի մասին համաձայնագիրը (DCFTA)
Եվրամիության հետ Ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրն (DCFTA) ասոցացման մասին համաձայնագրի անքակտելի մասն է։ Այս համաձայնագիրը վրացի ձեռնարկատերերի համար դռներ է բացում դեպի ԵՄ ներքին շուկա, որը ներառում է 28 երկիր և ավելի քան 500 մլն սպառող։
Սակայն որպեսզի վրացական արտադրանքը եվրոպական շուկա դուրս գա, այն պետք է համապատասխանի որակի և անվտանգության եվրոպական չափանիշներին։
Համաձայնագրի իմաստը հենց դրանում է, որ արդյունքում հնարավոր լինի հասնել ինչպես տեղական, այնպես էլ եվրոպական շուկայի համար նախատեսված ապրանքի միանման որակի։
Համաձայնագրի պայմանների կատարման դեպքում մի քանի տարուց վրացի սպառողները պետք է խանութից գնեն նույնքան որակյալ միս, երշիկեղեն կամ բանջարեղեն, ինչպես, օրինակ, Լիտվայի, Ռումինիայի, Ֆրանսիայի կամ Գերմանիայի սպառողները։
Դրան հասնելու համար համաձայնագիրը Վրաստանի կառավարությանը պարտավորեցնում է աստիճանաբար փոփոխություններ մտցնել օրենքներում և կարգավորումներ ընդունել, որոնք համապատասխանում են ԵՄ չափանիշներին։ Օրինակ, վերջերս ուժի մեջ է մտել խաղալիքների անվտանգության մասին նոր դրույթը։
Չափագիտության ինստիտուտի ղեկավար Նինո Միկանաձեն կարծում է, որ կանոնների պահպանման ապահովման համար զգուշավորություն և ժամանակ է անհրաժեշտ․
«Իմ կարծիքով՝ արդարացված է և իրատեսական եվրոպական օրենսդրությանն աստիճանաբար մոտենալը։ Մեկ ժամում բոլոր խորհուրդները թղթին հանձնելն ու բիզնեսին ու սպառողներին բացարձակ նոր իրականության առջև կանգնեցնելը շատ ցավոտ կլիներ։ Եվրոպական դիրեկտիվայում թվարկված բոլոր կանոններին պատրաստ չէ ոչ բիզնեսը, քանի որ դրա համար զգալի ներդրումներ են պահանջվում, ոչ սպառողը, որի համար մթերքն ավելի թանկ է լինելու»։
Ի՞նչն է խանգարում վրացական արտադրանքին հայտնվել Եվրոպայում
Նախևառաջ, դա պահանջվող չափանիշներին չհամապատասխանելն է։ Դրա համար Վրաստանում պետք է ներմուծվեն արտադրանքի հատուկ չափանիշներ՝ ներառյալ HACCP-ը։
HACCP-ը (Hazard Analysis Critical Control Point) սննդամթերքի անվտանգության համակարգ է, որը ներառում է սանիտարիկան և հիգիենիկ միջազգային չափանիշներ։ Այն ենթադրում է սննդամթերքի արտադրության խիստ վերահսկողություն սկզբից մինչև վերջ, այսինքն՝ ոչ միայն պատրաստի արտադրանքի, այլ նաև ողջ գործընթացի՝ հումքի որակից մինչև հիգիենան արտադրությունում։
Օրինակ, Ուկրաինայում, որը նույնպես ստորագրել է Եվրոպայի հետ ասոցացման համաձայնագիր, HACCP չափանիշը պարտադիր է դարձել ոչ միայն ձեռնարկատերերի համար, որոնք իրենց արտադրանքն արտահանում են Եվրոպա, այլ նաև սննդամթերքի հետ կապված բոլոր ձեռնարկությունների համար՝ հումքի մշակման գործարաններից մինչև սրճարաններ և ռեստորաններ։
Ձեռնարկատերերը ձգտում են ստանալ HACCP ստանդարտը բոլոր երկրներում, որտեղ դա պարտադիր չէ, քանի որ այդպիսի սերտիֆիկացիան զգալիորեն բարձրացնում է ձեռնարկության հեղինակությունը։
Վրաստանում այն պարտադիր է միայն նրանց համար, ովքեր իրենց արտադրանքն ուզում են արտահանել Եվրոպա։
Այս սերտիֆիկատը ստանալը հեշտ չէ, հատկապես փոքր ձեռնարկատերերի համար։ Այն զգալի ներդրումներ է պահանջում, ձեռնարկության ամբողջական վերազինում և կադրերի վերապատրաստում։
Երկրորդ պատճառը սակավահողությունն է։ Բանն այն է, որ ձեռնարկատերերը, որոնք իրենց արտադրանքն արտահանում են ԵՄ 500-միլիոնանոց շուկա, չեն հետաքրքրվի արտադրության փոքր չափաբաժիններով, որոնք վրացի ֆերմերներն աճեցնում են փոքր հողատարածքներում։ 10 տոննա խնձոր ոչ մեկին պետք չէ, պետք է նվազագույնը տասն անգամ ավելին։ Ինչպես նաև, ըստ եվրոպական չափանիշի, արտադրանքը պետք է միատարր լինի։ Այսինքն՝ տասը տարբեր ֆերմերներից տարբեր տեսակի խնձոր գնելը չի կարող լուծել այդ խնդիրը։
«Վրաստանում հողերի տարանջատվածության պատճառով անհնար է զանգվածային և արդյունավետ արտադրանքի հասնել։ Դուք չեք կարող մրցունակ լինել եվրոպական շուկայում, եթե միևնույն մթերքը մեծ տարածքներում չարտադրեք», – ասում է Վրաստանի ֆերմերների ասոցիացիայի ղեկավար Նինո Զամբախիձեն։
Այդ խնդիրը լուծելու համար վրացի ֆերմերները պետք է միավորվելու հնարավորություն ունենան, սակայն Վրաստանում տարբեր պատճառներով դա չի ստացվում։
Առաջին հերթին, Վրաստանում հողի սեփականության խնդիրը դեռ կարգավորված չէ։ Գյուղատնտեսական նշանակության հողերի ընդհանուր ծավալում պետության մասնաբաժինն այսօր դեռ շատ մեծ է․ գյուղատնտեսական նշանակության հողերի ընդհանուր մակերեսի միայն 25%-ն է մասնավորեցված։
Գիորգի Չիտիձեն, որը ներկա պահին գլխավորում է էկոնոմիկայի նախարարությանը կից հավատարմագրման կենտրոնը, հինգ տարի առաջ անմիջական մասնակցություն է ունեցել DCFTA բանակցություններին և ուշադրություն է դարձնում ևս մեկ խոչընդոտի՝ բնակչության մտածողությունը․
«Ֆերմերները մեր գյուղերում միավորման խնդիր ունեն։ Բոլորը մտածում են, որ միավորվելը և միասին ինչ-որ բան անելը ռիսկային է, իբր իրենք կարող են խաբվել և ոչինչ դրանից չստանալ»։
Բացի այդ, դեպի ԵՄ արտահանման զարգացմանը խանգարում է վերազինման համար միջոցների բացակայությունը ֆերմերների և ձեռնարկատերերի մոտ, նաև եվրոպական շուկայի առանձնահատկությունների մասին տեեկությունների բացակայությունը։
Ի՞նչ և որքա՞ն է այսօր արտահանվում Եվրոպա
Եվրոստատի տվյալները Վրաստանից արտահանման դրական միտումներ են գրանցում։ DCFTA-ի ուժի մեջ մտնելու պահից Վրաստանում արտահանող ընկերությունների քանակն ավելացել է 37%-ով։ Եթե 2014 թ.-ին 578 վրացական ընկերություն էր Եվրոպա արտահանում իր արտադրանքն, ապա 2018 թ.-ին՝ արդեն 789։
2018 թ.-ի տվյալներով՝ ԵՄ երկրներ արտահանումը կազմել է ողջ վրացական արտահանման 28 տոկոսը։ Այսօրվա դրությամբ դրա առավել մեծ հատվածը՝ 36 տոկոսը, բաժին է ընկնում ԱՊՀ երկրներին։
ԵՄ երկրներ արտահանումը 2018 թ.-ին կազմել է 730 մլն դոլար, ինչը 13 տոկոսով ավելին է, քան 2015 թ.-ին։
Այսօր Վրաստանից ԵՄ երկրներ արտահանվում է հիմնականում նույն արտադրանքն, ինչ ասոցացման մասին համաձայնագրի ստորագրումից առաջ։ Հիմնականում՝ գինի, հանքային ջուր և պնդուկ։
Վերջերս սկսել են արտահանել քիչ քանակությամբ կիվի և հապալաս, չորացրած կիտրոն և չիր։ Փոքր խմբաքանակով արտահանվում է նաև պլաստիկից և ապակուց արդյունաբերական արտադրանք։
Վրացական կաթի, կաթնամթերքի, ինչպես նաև մսի համար եվրոպական շուկան դեռևս հասանելի չէ։ ԵՄ կանոնների համաձայն՝ կենդանական ծագման արտադրանքն առավել վտանգավորների խմբին է պատկանում, հետևաբար, այն առավել վերահսկվող արտադրատեսակներից է։
Վրաստանում, սակայն «արտադրական շղթային վերահսկումը», որն անհրաժեշտ է այդ մթերքի անվտանգության համար, դեռ ամբողջությամբ կայացած չէ, և վրացական ընկերությունները դեռ նոր են սկսում այդ գործընթացը։ «Շղթայի վերահսկում» նշանակում է, որ մթերքը պետք է խստորեն ստուգվի այդ արտադրության բոլոր փուլերում՝ ֆերմայից մինչև սեղան։
Այս առնչությամբ կառավարությունը պետք է նոր կանոններ ներդնի հետագա երկու տարիների ընթացքում, որոնք կարգելեն մասնավոր անձանց կենդանական ծագման տնական մթերք արտադրել։
Ինչ վերաբերում է արդյունաբերական արտադրանքին, ապա դրա արտադրողների համար կանոնների ընդունման վերջնաժամկետը 2027 թ.-ն է։ Արտադրողներն ու բիզնես-օպերատորները պետք է որոշակի ընթացակարգ անցնեն արտադրության նոր չափանիշների ընդունումից առաջ՝ սերտիֆիկացիա, որակի ներքին վերահսկողության մեխանիզմների մշակում և այլն։
«Ինձ մոտ ոգևորություն է հայտնվել»: Կախա Տուտբերիձեն մասնագիտությամբ ֆինանսիստ է։ 2014թ-ին ասոցացման մասին համաձայնագրի ստորագրությանը զուգահեռ Կախան իմացել է «Արտադրիր Վրաստանում» պետական ծրագրի մասին։
Այդ ծրագրի համաձայն՝ պետությունը փաստացի փող է նվիրում նրանց, ովքեր կներկայացնեն ճիշտ հաշվարկած բիզնես-պլան և պատրաստ կլինեն ներդնել նաև սեփական միջոցները։
Տուտիբերիձեն պետական գրանտի օգնությամբ ջերմոցային տնտեսություն է ստեղծել։ Հողն ընտրել է Ռուսթավի քաղաքից ոչ հեռու՝ ըստ ագրոնոմների խորհրդի և հողի անալիզի արդյունքի։
Սակայն գործն այդքան էլ հեշտ չէր գլուխ բերել։ Սկզբից մի շարք խնդիրներ առաջացան։ «Նույնսիկ ջերմոցների որակավորված կոնստրուկտոր չգտա։ Ստիպված էի ամեն ինչ ինքս պարզել և սեփական ձեռքերով կառուցել»։
Կախան սկսել է տեղական շուկայում մեծ տարածում ունեցող կանաչի աճեցնել։ Սակայն շուկան այնքան անկայուն էր, որ արտադրանքի մի քանի խմբաքանակ պարզապես փչացել է։
Նա սկսել է արտադրությունը շարունակելու այլ տարբերակ փնտրել։ Եվ շուտով գտել է․ հրաժարվել է մեծ ծավալով արտադրությունից և սկսել աճեցնել Վրաստանում հազվադեպ հանդիպող բանջարեղեն և հազար՝ կեյլի (գանգուր կաղամբ), ճապոնական միզունա հազար, պակ-չոյ, ռուկոլա, արտիճուկ և այլն։
Սերմանյութը նա առցանց էր պատվիրում և թեստավորում։ Ինչպես պարզվել է, վրացական կլիման նպաստավոր է շատ բարձր որակի մթերք ստանալու համար։ Դրա համային բնութագրերն ու բույրը զգալիորեն գերազանցում են ներմուծվածներինը։
«Դրանից հետո «Աչարա գրուպը» (հեղինակավոր հյուրանոցների ցանց) սկսեց հետաքրքրվել մեր արտադրանքով։ Նրանք հրաժարվեցին ներկրվող արտադրանքից, և մինչև այսօր ցանցի հյուրանոցներին մատակարարվում է իմ ջերմոցներում աճեցված բանջարեղենը»։
Տեղական շուկայում հաջողության հասնելուց հետո Կախա Տուտբերիձեն սկսել է մտածել արտադրանքը Եվրոպա արտահանելու մասին։
Բոլորովին վերջերս նրա ջերմոցով սկսել է հետաքրքրվել ավստրիացի մի գործարար։ Նրա խնդրանքով թեստավորման նպատակով այստեղ տնկվել է կոճապղպեղ և քրքում։ Արդյունքում պարզվել է, որ վրացական հողում այդ մշակաբույսերը կարող են շատ ավելի բարձր որակի ստացվել, քան Իսրայելում կամ Իսպանիայում, որոնք ԵՄ շուկայի այդ մթերքի հիմնական մատակարարներն են։
«Այդ հանգամանքն ինձ համար խթան դարձավ արտադրանքս Եվրոպա արտահանելու համար։ Այժմ, երբ տեղական արտադրությունը հաջողությամբ սկսվել է, ոգևորությունս ավելացել է», – ասում է Կախա Տուտբերիձեն։
Աջակցության պետական և այլ ծրագրեր
Երկար տարիներ երկրում իրականացվում են լավատեսական անվանումներով պետական նախագծեր՝ «Արտադրիր Վրաստանում», «Իրագործիր ապագան», «Արտոնյալ գյուղվարկ», «Երիտասարդ ձեռնարկատեր» և ձեռնարկությունների համաֆինանսավորման և օգնության այլ ծրագրեր։
Սակայն շատ ձեռնարկատերերի համար հասանելի չեն այդ ծրագրերը, քանի որ դրանց համար նախնական կապիտալ և բանկային երաշխիքներ են անհրաժեշտ։
Միջազգային դոնորները՝ ԵՄ-ը, ՄԱԿ-ը, USAID-ն նույնպես ակտիվորեն մասնակցում են այդ գործընթացին։ Նրանք տեխնիկական օգնություն են տրամադրում Վրաստանի կառավարությանը՝ Վրաստանի օրենսդրությունը եվրոպականին մոտեցնելու համար։
Խոշոր նախագծերն իրականացվում են Հարևանության և գյուղական շրջանների զարգացման եվրոպական ծրագրի (ENPARD) կողմից՝ 179,5 մլն եվրո բյուջեով։
Գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ իրագործվում են պետական ծրագրեր։ ENPARD-ի շրջանակում ֆերմերների համար գյուղական խորհրդատվական կենտրոններ են ստեղծվել, այդ ոլորտում հետազոտությունների խթանման համար մեծ գրանտներ են տրամադրվել և այլն։
Չեխիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ People in Need միջազգային կազմակերպությունը վերջերս ավարտել է ֆերմերների ուսուցման ծրագիրը, որի նպատակն էր DCFTA-ի հիմնական ասպեկտների մասին գյուղի բնակիչներին իրազեկելը․ սննդամթերքի անվտանգության եվրոպական չափանիշների պահպանման, էներգաարդյունավետության առավելությունների, գյուղատնտեսության համար կլիմայական պլանավորման սկզբունքների վերաբերյալ։
Սակայն Եվրոպայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի առաջարկած հնարավորությունները դեռևս ընկալվում են որպես մշուշոտ և հեռավոր հեռանկար աղքատության մեջ գտնվող գյուղացիների համար։
«Պետությունը չի օգնում»
Մեղվաբուծ Արամայիս Մելտոնյանը, որը Վրաստանի հարավում, Նինոծմինդա շրջանում է ապրում, ընտանիքի չորրորդ սերնդի ներկայացուցիչն է, որն այդ գործով է զբաղվում։ Նա ավելի քան 120 մեղվաընտանիք ունի։
Ասում է, որ ԵՄ հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը ստորագրելուց հետո, իր սպասումները լավատեսական էին, սակայն արդյունքում նա հիասթափվեց։ Նրա խոսքով, բազմիցս դիմել է իշխանություններին, խնդրելով օգնել կազմակերպել արտահանումը Եվրոպա։ Օգնության խոստումներ ստացել է, սակայն գործն իրականում առաջ չի գնացել։
Ինչպես ասում է Արամայիսը, գլխավոր խոչընդոտն այն է, որ Վրաստանում մինչև հիմա որակյալ մեղրի ստուգման համար սարքավորում չկա։ Պետք է նաև ինքնուրույն կազմակերպել փաթեթավորումը, արտաքին տեսքի բերելը, սակայն նա չի կարող։ Այդ հարցում հույսը դրել էր պետության օգնության վրա, սակայն այդպես էլ չի ստացել այն։
Մելտոնյանն ասում է, որ մեղրի արտադրությունը գյուղատնտեսության պոտենցիալ եկամտաբեր ճյուղերից է, որն ունակ է կրկնակի, նույնսիկ եռակի ավելի մեծ եկամուտ ապահովել, քան մնացածը։
Ոչ բարենպաստ կլիմայական պայմանների պատճառով այս տարի նա ստացել է ընդամենը 400-450 կգ մեղր, դա շատ քիչ է։ Նորման երկու-երեք տոննան է։ Այն ամենն, ինչ արտադրում է, նա վաճառում է իր և հարևան Ախալքալաքի շրջաններում, ինչպես նաև արտահանում է Հայաստան։
«Լավ կլիներ, որ կարողանայինք մեղրը Եվրոպա արտահանել։ Անտեղ մեղրը թանկ է, սակայն համապատասխան օգնության բացակայության պատճառով չենք կարող առաջ շարժվել։ Ինձ ասել են, որ պետք է կոոպերատիվ բացեմ, արել եմ, սակայն ոչ ոք ինձ ուշադրություն չի դարձնում», – ասում է Արամայիսը։
Գլխավոր խնդիրը, որը խանգարում է այս շրջանի ֆերմերներին, անիրազեկությունն է, կարծում է «Ախալքալաքի բիզնես կենտրոն» հասարակական կազմակերպության տնօրեն Մախարե Մացուկատովը։ Ջավախքի շրջանում բնակվում են հիմնականում էթնիկ հայեր, և իրազեկության պակասին այստեղ ավելանում է նաև լեզվական խոչընդոտը։
«Ֆերմերները չգիտեն, թե ինչպես փաթեթավորել ապրանքն, ինչպես զարգացնել, արտահանման ուղարկել։ Դա և մարքեթինգի, և փաստաթղթերի հարց է», – բացատրում է նա։
Ըստ նրա, երբեմն պետությունն ու հասարակական կազմակերպությունները թրեյնինգներ են անցկացնում, թռուցիկներ բաժանում, սակայն դա բավարար չէ, որ մարդիկ դուրս գան տեղեկատվական վակուումից։
Բացի այդ, Մացուկատովը պատմում է, որ նոր օրենքները, որոնք խստացնում են որակի նկատմամբ պահանջները, հաճախ գործնականում չեն կատարվում։ Օրինակ, կաթնամթերքի արտադրության ձեռնարկությունների գրանցած և սահմանված չափանիշները պահպանող գործարարները ոչ շահեկան դրության մեջ են հայտնվել նրանց համեմատ, ովքեր շարունակում են խախտումներով աշխատել։
«Եթե ֆերմերն իմանա, որ կկարողանա ապրանքը Եվրոպա արտահանել, նա արդեն կպահպանի բոլոր նորմերն», – ասում է Մացուկատովը։
Բիոմթերք․ վրացական արտահանման ապագա՞ն
Միաժամանակ Վրաստանի ֆերմերների ասոցիացիայում ասում են, որ դեռ վաղ է խոսել խոշոր արտահանման մասին, երբ երկիրը 70%-ով կախված է ներկրումից։
«Մենք իրոք բիոմթերք արտադրելու բացառիկ հնարավորություն ունենք։ Երկրում նույնիսկ ամբողջական գյուղեր և շրջաններ կան, որտեղ ոչ ոք տարիներով հող չի մշակել։ Բիոմթերքի զանգվածային արտադրությունն, ինչը բնավ թանկ չէ, սկզբի համար կարող է բավարարել տեղի շուկան», – ասում է Ֆերմերների ասոցիացիայի ղեկավար Նինո Զամբախիձեն։
Սակայն այժմ ֆերմերներն արտադրում են հիմնականում միատեսակ և սեզոնային մթերք, իսկ դա շահեկան չէ ոչ իրենց, ոչ սպառողի համար։ Իսկ տեղի շուկան լցվում է ներկրվող ապրանքով։ Զամբախիձեն կարծում է, որ պետությունը պետք է խրախուսի տեղի ֆերմերներին, նրանց շուկայական պահանջարկի ամբողջական պատկերը ներկայացնի և առաջնահերթությունների մասին խորհրդատվություն տրամադրի։
Ասոցիացիայում ասում են, որ, եթե արտադրանքը չհամապատասխանի եվրոպական չափանիշներին, ֆերմերը ցանկացած դեպքում շահույթ կստանա՝ անկախ նրանից, թե արդյոք իր ապրանքը կարտահանվի եվրոպական շուկա մոտ ապագայում, թե ոչ։
«Մեդիացանցի» աջակցությամբ՝ JAMnews