Այսօր՝ հունվարի 28-ին, Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը դարձավ 31 տարեկան: ՀՀ Զինված ուժերը Հայաստանի պետական ռազմական կառույց է, որի գլխավոր նպատակն է` պաշտպանել Հայաստանի պետական սահմանները և տարածքային ամբողջականությունը։
Հայոց բանակի ստեղծման օրը համարվում է 1992-ի հունվարի 28-ը, երբ ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի հրամանագրով ստեղծվեց Հայաստանի Պաշտպանության նախարարությունը։
Այսօր, Հայկական Բանակի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
ՀՀ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ։
Նա ընդգծել է, որ Արցախյան 44-օրյա աղետալի պատերազմը, անցյալ տարվա սեպտեմբերին Հայաստանի սահմանների նկատմամբ ոտնձգությունները և պաշտպանական լրջագույն հիմնահարցերը նոր հրամայականների առջև են կանգնեցրել Հայաստանին ու հայ ժողովրդին։
«Առաջնային և հրատապ է ազգային ողջ ներուժի համախմբումը, որպեսզի Հայոց բանակը շուտափույթ հաղթահարի պատերազմի պատճառած աղետալի հետևանքները, ամոքում գտնեն անդառնալի կորուստների վերքերն ու ցավերը, և բացառվեն այնպիսի ողբերգություններ, որ ապրեցինք շաբաթներ առաջ»,– նշել է վեհափառը։
Նա հույս է հայտնել, որ հայոց բանակը կվերագտնի փառքի իր ճանապարհը և կկարողանա հաղթական իրագործել իր սրբազան առաքելությունը: