Ինչի՞ վրա է Ախալքալաքի մունիցիպալիտետը մեծ գումարներ ծախսում, բյուջեի ո՞ր կետերը չեն փոփոխվում և ի՞նչ նորություն կա 2023 թվականի բյուջեում, Jnews-ը ուսումնասիրել է մունիցիպալիտետի 2023 թվականի հիմնական ֆինանսական փաստաթուղթը և համեմատել այն նախորդ տարվա բյուջեի հետ։
2023 թվականին Ախալքալաքի մունիցիպալ բյուջեն կազմում է 16 460 000 լարի՝ առանց կենտրոնական բյուջեից ֆինանսավորման։ Այս գումարն ընդգրկում է 13 900 000 լարի հարկ, 2 035 000 ոչ հարկային եկամուտ, 110 000 լարի ոչ ֆինանսական ակտիվներ և 415 000 լարի դրամաշնորհներ։
Ինչպես միշտ, մունիցիպալ իշխանությունների և կառույցերի ծախսերը բավականին մեծ են լինում, ուստի բյուջեի 57%-ը ծախսվում է Սակրեբուլոյի, քաղաքապետարանի և քաղաքապետարանին առընթեր հիմնարկների ծախսերի վրա։ Օրենսդիր մարմնի՝ Սակրեբուլոյի ծախսերը կազմում են 1 294 860 լարի, իսկ գործադիր իշխանության՝ քաղաքապետարանի ծախսերը՝ 3 566 530 լարի։ Մունիցիպալ մարմիններին հատկացվող սուբսիդիաները կազմում են 4 514 200 լարի: Ընդհանուր՝ 9 375 590 լարի։
Ավանդական ծախսեր
Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի աշխատավարձի ֆոնդը նախորդ տարվա համեմատ ավելացել է 95 400 լարիով և կազմում է 814 500 լարի։ Այն ներառում է և՛ աշխատավարձ, և՛ հավելավճարներ՝ 17500 լարիի չափով։ Եթե նախորդ տարի պայմանագրով սակրեբուլոյի աշխատակիցների աշխատավարձերի համար հատկացվել է 67 600 լարի, ապա այս տարի այդ գումարը կազմում է 73 600 լարի։ 3000 լարիով ավելացել են նաև գործուղման ծախսերը (կազմում է 5000 լարի)։ Ընդհանուր առմամբ Սակրեբուլոյի պահպանման համար հատկացվել է 1 294 860 լարի (2022 թվականին գումարը կազմել է 1 094 300 լարի)։
Ախալքալաքի քաղաքապետարանի աշխատավարձային ֆոնդն ավելացել է 203 900 լարիով և կազմում է 1 706 000 լարի (2022թ.՝ 1 502 100 լարի)։ Սա ներառում է 1 575 000 լարի աշխատավարձ (2022 թվականին՝ 1 382 100 լարի) և 131 000 լարի հավելավճարներ (2022 թվականին՝ 120 000 լարի)։ Պայմանագրային աշխատողների աշխատավարձերի ծախսերը նույնպես 1 մլն 115 հազար 900 լարիից բարձրացվել են մինչև 1 մլն 243 հազար լարիի։ Գործուղման ծախսերը կրկնապատկվել են և կազմել 10 000 լարի։
Հետաքրքիր է այն հանգամանքը, որ քաղաքապետարանի ծախսերի մեջ նշված են «եկեղեցիների էլեկտրաէներգիա»՝ 30 000 լարիի չափով և «եկեղեցիների ջեռուցում»՝ 50 000 լարիի չափով, ինչպես նաեւ «հսկողության տեսախցիկների սպասարկում» 11 700 լարիով կետերը։ Ընդհանուր առմամբ, Ախալքալաքի քաղաքապետարանի ծախսերի համար հատկացվել է 3 566 530 լարի, ինչը 199 552 լարիով պակաս է նախորդ տարվա գումարից։
Ընդհանուր առմամբ 4 մլն 728 հազար 410 լարի է հատկացվել կանաչապատման, վերականգնողական աշխատանքների, քաղաքի ու գյուղերի սպասարկման և այլ աշխատանքների համար, որոնք ներառված են «տնտեսություն» ծախսային հոդվածում։
Մունիցիպալ հիմնարկների համար հատկացվել է 4 514 200 լարի։ Ֆինանսավորվում են ինչպես կրթական, այնպես էլ մարզական մունիցիպալ հաստատություններն ու մանկապարտեզները։
Հետաքրքիր փաստեր
Անցյալ տարի տեղական բյուջեից 10 000 լարի է հատկացվել Ուկրաինային օգնելու համար, այս տարի այս հոդվածը դատարկ է։
Ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս տարի ռեգբիի ակումբին մունիցիպալ բյուջեից կատարվող դրամական ներդրումը կազմում է 55 000 լարի։ Նշենք, որ Ախալքալաքում չզարգացած այս մարզաձեւի համար արդեն մի քանի տարի է, ինչ ֆինանսավորում է հատկացվում։
Այս տարի միջոցներ չեն հատկացվել երեխաների համար նախատեսված «Տավշանկա» ամառային ճամբարի համար, որի համար անցած տարի հատկացվել էր 7 140 լարի։ Չնայած հատկացված գումարին, անցած տարի նույնպես ճամբարը չէր կազմակերպվել։
Մարզագույքի ձեռքբերման համար այս տարի հատկացվել է 23 100 լարի, իսկ նախորդ տարի դրա համար միջոցներ չէին հատկացվել։
«Ջիվանի» ավանդական փառատոնի անցկացման համար, ինչպես և նախորդ տարի, հատկացվել է 10 հազար լարի։ Վարևան և Սուլդա գյուղերի տոների համար այս տարի գումար չի հատկացվել, թեև այդ միջոցառումների համար հատկացվեում էր 500-ական լարի։
Ինչպես նախորդ տարի, քաղաքի օրը նշելու համար կծախսվի 35 000 լարի։
Գենդերային հավասարության միջոցառման համար այս տարի հատկացվել է 5000 լարի՝ նախորդ տարվա 3000 լարիի փոխարեն։
Ամանորյա միջոցառումների անցկացման համար այս տարի հատկացվել է 60 հազար լարի։
Սահմանափակ կարողություններ ունեցող անձանց գեղարվեստական միջոցառումներին մասնակցելու համար, ինչպես և նախորդ տարի, հատկացվել է 4000 լարի, թեև 2022 թվականին նման միջոցառումների մասին տեղեկություն չէր տարածվել։
Գումար տեղեկատվության համար
4 ԶԼՄ-ների համար մունիցիպալ բյուջեից հատկացվել է 55 900 լարի.