«Ավտոներմուծողների ասոցիացիան ակնկալում է, որ 2023 թվականի սկզբից ինչպես հին, այնպես էլ նոր մեքենաների գները կբարձրանան լրացուցիչ 10-15 տոկոսով, իսկ ապագայում գնաճի միտումը կշարունակվի»,- հայտարարել է Ասոցիացիայի ղեկավար Ալեքսի Նոնիաձեն:

Նոնիաձեի խոսքով, գների աճը պայմանավորված է համաշխարհային գնաճով, ռեցեսիայի ակնկալիքով, ինչպես նաև մատակարարման շղթայի հետ կապված ծախսերի ավելացմամբ։

«Բոլոր տեսակի մեքենաների գներն այս տարի աճել են միջինը 30-40 տոկոսով, իսկ որոշ դեպքերում՝ ավելի շատ։ Ակնկալում ենք, որ նոր տարվանից թե՛ նոր, թե՛ հին մեքենաները կթանկանան ևս 10-15 տոկոսով: Մեքենաները, որոնք երկիր պետք է հասնեն մինչև տարեվերջ, արդեն ճանապարհին են, և նորը պատվիրելը թանկ կարժենա՝ գլոբալ ծախսերի աճի պատճառով։ Աշխարհում առկա տնտեսական ճգնաժամի ֆոնին, երբ գնաճը գրոհում է ամեն ինչ, մենք ակնկալում ենք, որ առաջիկա ամիսներին գների աճի տեմպերը կշարունակվեն»,- հայտարարել է նա:

Հարկ է նշել, որ Վրաստանում մեքենաների թե՛ ներմուծումը, թե՛ արտահանումը զգալի աճ է գրանցում։ Ընթացիկ տարվա 10 ամիսներին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, Վրաստան թեթև մարդատար ավտոմեքենաների ներմուծումը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 13,4%-ով, իսկ արտահանումը` 51,7%-ով։

Հաշվետու ժամանակահատվածում Վրաստանից վերաարտահանվել է 661,3 մլն դոլարի ավտոմեքենա։

Ըստ Ավտոներմուծողների ասոցիացիայի ղեկավարի, սակայն, ավտոմեքենաների արտահանման եկամուտների աճը հիմնականում պայմանավորված է ոչ այնքան վերաարտահանվող մեքենաների քանակի ավելացմամբ, որքան գնաճով։

«Թվերը տպավորիչ են, բայց դրանք ֆորմալ բնույթ են կրում: Բանն այն է, որ դրանք հիմնականում կապված են մեքենաների թանկացման հետ։ Եթե նայենք վաճառվող մեքենաների թվի աճին, ապա կտեսնենք, որ այնտեղ աճը միջինում ընդամենը 15-20 տոկոս է։ Սա նույնպես լավ ցուցանիշ է, բայց առանց գների բարձրացման չէր կարող եկամուտների նման աճ առաջացնել։ Փաստորեն, ոլորտում առկա խնդիրները դեռևս չլուծված են, և դրանց թվում է նաև լոգիստիկան։ Այսօր մեկ մեքենա ներմուծելու համար անհրաժեշտ է առնվազն 3-4 ամիս, և դա արմատապես մեծացնում է ծախսերը»,- ասում է Ալեքսի Նոնիաձեն։