Ախալքալաքում պատրաստ է Արդարադատության տան հիմնամասը, սակայն շինարարությունը դեռևս չի ավարտվել: Շենքը նախատեսվում է շահագործման հանձնել այս տարի:
Արդարադատության տունը, որը կառուցում է Արդարադատության Նախարարությունը, Ախալքալաքի հարավային կողմում դեռ կառուցվում է: Շինարարությունը, ինչպես մեզ ասացին շինարարական ընկերությունում, պետք է ավարտվեր մինչ հոկտեմբերի 15-ը: Կառուցման տենդեր-մրցույթը հաղթել է թբիլիսյան ՍՊԸ «Պրիզմա» ընկերությունը:
Մեզ հետ զրույցում «Պրիզմա» ընկերության մենեջեր Մերաբ Խորավան ասաց, որ չհաշվառված մանրուքների պատճառով նրանք չեն հասցնի ավարտել շինարարությունը սկզբնական սահմանված ժամկետներում: Հանձման ժամկետը հետաձգվել է, և որ շենքը կհանձնեն մինչ տարեվերջ: Մինչ տարեվերջ մնացել է 2 ամիս, բացի այդ մոտենում է ձմեռը, իսկ մինչ օրս կատարված աշխատանքների ծավալը կարելի է տեսնել լուսանկարում:
«Հիմնամասի շինարարությունը ավարտվել է և սկսվել է տեղային աշխատանքները: Պետք է հասցնենք հանձնել այս տարի, եթե եղանակային պայմանները թույլ տան: Ամառը անձրևոտ էր, կարկտային և մենք մի փոքր հետ ենք մնում ծրագրից, մոտ մեկ ամսով », – ասաց Մերաբ Խորավան:
Այն հարցին, թե կկարողանան նրանք աշխատել Ախալքալաքի խիստ ձմռան պայմաններում, մենեջերը պատասխանեց, որ բետոնային աշխատանքները ավարտված են, մնացել են հիմնականում ներքին աշխատանքները, որ ձմռանը նրանք նույնպես կկարողանան աշխատել:
«Եթե շինանյութերի մատակարարումը լինի ժամանակին, մենք ամեն ինչ կավարտենք: Հաջորդ շաբաթվա մեջ արդեն կմաքրենք շրջակա աղբը, կարգի կբերենք և կկատարենք ասֆալտապատման, բետոնապատման աշխատանքները », – ասաց Մերաբ Խորավան:
Արդարադատության տունը կլինի երկհարկանի, ապակեպատ շինություն: Առաջին հարկում կլինի աշխատակազմը, իսկ երկրորդում` գրասենյակները, հարկերի միջև կլինի ջերմոցներ և պանդուսներ: Շենքում կգործի նաև ամուսնության մեծ սրահ ու այցելուների դահլիճ: Արդարադատության Տան տարածքը կազմում է 600 մ \ քառ.:
Տենդեր-մրցույթը հայտարարվել էր Արդարադատության նախարարության կողմից 30.11.2015թ.-ին, 2 212 693 լարի արժողությամբ: Տենդեր-մրցույթին մասնակցել են հինգ ընկերություններ: Հաղթել է ՍՊԸ “Պրիզմա” ընկերությունը 1 965 284 լարի գումարով:
Շուշան Շիրինյան