Չնայած այն հանգամանքին, որ Ախալքալաքի մունիցիպալիտետը գազաֆիկացված է, այնուամենայնիվ բնակիչները ձմռան համար վառելափայտ են գնում։ Այն անհրաժեշտ է գյուղերում, որտեղ բնական գազ չկա և այն ընտանիքների համար, որոնք չունեն կենտրոնացված ջեռուցման համակարգ կամ գազօջախ: Ոմանք էլ գնում են ուղղակի ապահովագրության համար։

Ախալքալաքի մունիցիպալիտետի 64 գյուղերից 21-ն այս պահին գազաֆիկացված չէ, քաղաքում գազաֆիկացված է 3 781 բաժանորդ, գազաբաշխիչ ընկերության տեղեկություններով՝ քաղաքում գազազուրկ շատ քիչ տներ կան, բայց այդպիսիք կան: Ելնելով դրանից՝ անհրաժեշտություն է առաջանում ձեռք բերել վառելափայտ, որի գինը վերջին 6 տարիների ընթացքում աճել է 50 տոկոսով։

  • Այսպիսով, 2016 թվականին մեկ շարք վառելափայտի գինը կազմել է 400-420 լարի
  • 2019 թվականին այն տատանվել է 350-450 լարիի սահմաններում՝ կախված վառելափայտի որակից
  • 2020 թվականին վառելափայտի գինը մեկ շարքի համար կազմել է 460 լարի
  • 2021 թվականին վառելափայտի մեկ շարքը կարելի էր գնել 480 լարիով
  • Այս տարի վառելափայտի շարքն արժե 600 լարի

Ձմռանը բնակիչները գնում են 3-ից 5 շարք վառելափայտ՝ կախված նրանից, թե որ գյուղում են ապրում։ Բարձրալեռ գյուղերում, օրինակ, Սամսար գյուղում, որտեղ ձմեռը խստաշունչ է ու երկար, ձմեռելու համար պահանջվում է 4-5 շարք վառելափայտ։ Այնուամենայնիվ, կան գյուղեր, որտեղ դեռ աթարով են տաքանում, բայց միևնույն է վառելափայտ են պաշարում սաստիկ ցրտին դիմակայելու համար։

Այս տարի վառելափայտը, ինչպես և մնացած ամեն ինչը, թանկացել է:

«Շարքերով ենք վաճառում, մի շարքը մոտ երեքուկես խոր/մ է, որն արժե 600 լարի: Վառելափայտը հիմնականում գնում են Կուլիկամ, Կումուրդո, Խուլգումո գյուղերում, նաև Աբուլ, Բուզավեթ, Սուլդա գյուղերում, որտեղ գազ չկա: Գազի առկայությունն էլ հիմք չէ չգնելու, մարդիկ ուղղակի ապահովության համար են գնում: Դե իսկ եթե գազ կա, շատերը հնարավորություն չունեն տուն գազ անցկացնել կամ ամեն ամիս վճարել դրա համար, ուստի գնում են վառելափայտ։ Քաղաքում այս տարի քիչ եմ վաճառել, ընդամենը երկու կամազ: Վառելափայտը մեզ վրա էլ էժան չի նստում, դիզվառելիքը թանկացել է: 600-700 լարի ենք ծախսում միայն դիզվառելիքի վրա»,- ասում է վառելափայտ վաճառողը, ով չցանկացավ հրապարակել իր անունը:

Վառելափայտը վաճառվում է միայն կոնկրետ ընթացակարգեր անցնելուց հետո։ 90 լարիով տրվում է փաստաթուղթ՝ նախապատրաստման թույլտվություն կոնկրետ ընտանիքի, բաժանորդի համար, տվյալ դեպքում՝ գնորդի համար։ Դրանից հետո այս փաստաթղթի հիման վրա վաճառողները գնորդի համար փոխադրում են արդեն կտրտված ու պատրաստված վառելափայտը։