09.11.2022
Views: 408 |
Author:
Agunik Ayvazyan
Վրաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից զգալիորեն աճել է նախորդ տարիների համեմատ, ասվում է «Transparency International — Georgia»-ի զեկույցում և առաջարկներ կատարում կառավարությանը քայլեր ձեռնարկել։
Կազմակերպությունը զգուշացնում է, որ «ռուսական ապրանքների զգալի աճը, դրամական փոխանցումները և Ռուսաստանի քաղաքացիների կողմից Վրաստանում ընկերությունների ստեղծումը մեծացնում են վտանգը, որ Վրաստանը կշահարկվի պատժամիջոցները շրջանցելու համար»։
«Տպավորություն է ստեղծվում, որ ՌԴ քաղաքացիների մի մասը որոշել է երկարատև ժամանակով մնալ Վրաստանում… Այդ մասին վկայում են ինչպես ընկերությունների գրանցումները, այնպես էլ վրաց-ռուսական սահմանի երկկողմանի հատման (ելումուտի) և Վրաստանի բանկերում 10 հազ. բանկային հաշիվների բացման վիճակագրությունը ՌԴ քաղաքացիների կողմից»,- նշվում է «Transparency International»-ի զեկույցում։
«Քանի որ պատերազմն ու պատժամիջոցները Ռուսաստանում տնտեսական ճգնաժամ են առաջացրել, որը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի առաջիկա տարիներին, Վրաստանի կախվածության աճը ռուսական տնտեսությունից վտանգավոր է նաև մակրոտնտեսական տեսանկյունից»,- զգուշացնում են կազմակերպության փորձագետները։
Ակնկալվում է, որ ապագայում Ռուսաստանից ստացվող դրամական փոխանցումները, զբոսաշրջությունից և առևտրից ստացվող եկամուտները զգալիորեն կնվազեն, ինչը կվնասի կախվածությանը համակերպվող Վրաստանի տնտեսությանը, նշվում է զեկույցի եզրակացույթունների մեջ։
Կառավարությանն ուղղված «TI» առաջարկությունների ցանկում են.
Ակտիվացնել աշխատանքը բոլոր ռազմավարական գործընկերների հետ ազատ առևտրի համաձայնագրերի ստորագրման ուղղությամբ, որոնց հետ դեռևս չկան նման համաձայնագրեր:
Չտրամադրել սուբսիդիաներ պետական բյուջեից՝ դրամաշնորհներ և արտոնյալ վարկեր, ռուսական շուկայի հետ աշխատող ձեռնարկություններին:
Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կողմից Վրաստանում բիզնես գրանցելիս ներդնել լրացուցիչ վերահսկողական մեխանիզմներ՝ պատժամիջոցների տակ գտնվող անձանց և ընկերությունների հետ կապերը բացառելու նպատակով։
«Transparency International»-ը մեջբերում է թվային տեսքով մի շարք ցուցանիշներ, որոնք ցույց են տալիս այս տարվա միտումները.
- Ռուսական ներմուծման տեսակարար կշիռը 10,2%-ից հասել է 13,1-ի (ամենաբարձր ցուցանիշը վերջին 16 տարվա ընթացքում)։ 2022 թվականի հունվար-սեպտեմբերին Ռուսաստանից ներմուծումն աճել է 73%-ով և կազմել 1,2 մլրդ ԱՄՆ դոլար։
- Ամենաշատն աճել է վառելիքի ներմուծումը Ռուսաստանից՝ 350%-ով (329 մլն ԱՄՆ դոլար)։ Ներմուծման մեջ ռուսական վառելիքի մասնաբաժինը կազմել է 44%։ Ածխի և կոքսի ներմուծումը եռապատկվել է՝ հասնելով 57 մլն դոլարի:
- Վրաստանի կախվածությունը ռուսական ցորենից ու ալյուրից դեռ կրկին բարձր է։ 2022 թվականի հունվար-սեպտեմբերին ռուսական ցորենի և ցորենի ալյուրի մասնաբաժինը Վրաստանի ցորենի և ցորենի ալյուրի ներմուծման ընդհանուր ծավալում կազմել է 96%։ Վրաստանում սպառվող ցորենի ալյուրի 78%-ը ներկրվում է Ռուսաստանից:
- Դեպի Ռուսաստան արտահանման ընդհանուր մասնաբաժնի նվազման ֆոնին մեծացել է Ռուսաստանի Դաշնություն վրացական գինու մատակարարումից կախվածությունը։ 2022 թվականի հունվար-սեպտեմբերին Ռուսաստան 109 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ գինու արտահանումը կազմել է Վրաստանի գինու ընդհանուր արտահանման 63%-ը:
- Էներգիայի մատակարարումներից կախվածությունը բավականին ցածր է։ Չնայած Ռուսաստանից էլեկտրաէներգիայի ներմուծման 3.6 անգամ աճին, ռուսական էլեկտրաէներգիան կազմում է Վրաստանի ներքին սպառման միայն 3%-ը։ Ռուսաստանից բնական գազի ներմուծումը նվազել է 32%-ով։ Ռուսական գազի մասնաբաժինը Վրաստանի ներքին սպառման մեջ կազմում է մինչև 7%:
- Տարեսկզբից ռուսաստանցի այցելուների տեսակարար կշիռը Վրաստան այցելած օտարերկրացիների ընդհանուր թվաքանակում կազմել է 20%՝ նախկինում այն երբեք նման նշագծի չի հասել:
- Գարնանը ռուսների զանգվածային միգրացիայի սկսվելուց հետո Ռուսաստանից ստացվող դրամական փոխանցումների տեսակարար կշիռն ընդհանուր փոխանցումների մեջ 2021 թվականի 17,5%-ից հասել է 40%-ի։ Մինչեւ մարտ ամիսը Ռուսաստանից Վրաստան է փոխանցվել միջինը 24 մլն դոլար, գարնան շրջանից՝ միջինը 154 մլն դոլար:
- Ընթացիկ տարվա մարտ-սեպտեմբեր ամիսներին Վրաստանում գրանցվել է մոտ 9500 ռուսական ընկերություն, ինչը 10 անգամ ավելի է, քան ողջ նախորդ տարվա ընթացքում։ Ընդ որում, գրանցումների 97%-ը կազմում է անհատ ձեռնարկատերերի կարգավիճակը։