Պետական ռեեստրի ազգային գործակալությունը տվյալներ է ներկայացրել Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո Վրաստան մուտք գործած ՌԴ քաղաքացիների աշխատանքային կարգավիճակի և ունեցվածքի ձեռքբերման մասին։
Քաղվածքը հրապարակվել է ի պատասխան «Բաթումելեբի» հրապարակման պաշտոնական հարցման:
Բիզնես. ՌԴ քաղաքացիները մարտ ամսից մինչև հոկտեմբերի կեսերը Վրաստանում գրանցել են 711 իրավաբանական անձ։ Անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակ է ստացել Ռուսաստանի 9 789 քաղաքացի։
Անշարժ գույքի ձեռքբերում. 2 585 քաղաքացի մարտի 1-ից հոկտեմբերի 12-ը գնել է 2 964 բնակարան՝ 189 084 քառ.մ ընդհանուր մակերեսով։
Հողատարածքի ձեռքբերում. ՌԴ 252 քաղաքացի Վրաստանում գնել է 249 հողատարածք՝ 37,9 հա ընդհանուր մակերեսով։ Այդ թվում՝ առանց շենքերի և շինությունների 61 հողատարածք, մնացածն ունեն շինություններ և կառույցներ։ Վրաստանի օրենսդրության համաձայն՝ օտարերկրացիները կարող են հողամասը ձեռք բերել միայն ոչ գյուղատնտեսական նպատակներով։
Աշխատանքի տեղավորում. Ընթացիկ տարվա հունվարի 1-ից օգոստոսի 1-ը Վրաստանում աշխատանքի է անցել 1 493 օտարերկրացի։ Նրանցից 977-ը ՌԴ քաղաքացիներ են, – հայտնում է Աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունը։
Ընդհանուր քանակը. Վրաստանի ՆԳՆ-ն ավելի վաղ խորհրդարանի հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ 2022 թվականին՝ մինչև սեպտեմբերի 30-ը, Վրաստան է մուտք գործել 112 733 ՌԴ քաղաքացի և մինչ այժմ ապրում է երկրում։ Սա Վրաստանի բնակչության 3,05 տոկոսն է։