Հոկտեմբերի 20-ին Եվրամիությունը սկսել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի դիտարկման առաքելության ծավալումը։ Այդ մասին հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Այսօր սկսվել է այդ առաքելության ծավալումը»,-ասել է Բոլրելը:
Նա նաև ասել է, որ իրազեկելու է եվրոպացի ղեկավարներին առաքելության տեղակայման մասին ԵՄ ԱԳՆ կողմից հոկտեմբերի 17-ին ընդունված որոշման մասին։
Եվրամիության պաշտոնական կայքում որոշ տեղեկություններ են հրապարակվել առաքելության մասին, որտեղ ասվում է, որ առաքելության պատասխանատվության գոտին լինելու է ՀՀ և Ադրբեջանի միջև միջազգայնորեն ճանաչված սահմանի հայաստանյան կողմը։
Շեշտվում է նաև, որ ԵՄ դիտորդական առաքելությունը ռազմական չէ, այլ միայն քաղաքացիական։
Նշվում է նաև, որ առաքելությունը տեղեկություններ կտրամադրի ՀՀ և Ադրբեջանի սահմանային շրջաններում ռազմական իրավիճակին և հրադադարին առնչվող իրադարձությունների մասին, ինչպես նաև սահմանի երկայնքով մարդու իրավունքների հետ կապված իրադարձությունների վերաբերյալ, սակայն հետաքննության գործառույթ չունի։
ԵՄ առաքելությունն իրավիճակի վերաբերյալ իր դիտարկումները կփոխանցի եվրոպական կառույցներին, սակայն քաղաքական բնույթի եզրակացություններ չի անելու։
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել, որով կողմերը հաստատել են հանձնառությունը, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և համաձայնություն են տվել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը ՀՀ-Ադրբեջան սահմանին, որի առավելագույն ժամկետը 2 ամիս է։