Շներին բռնելու, ստերիլիզացնելու, կաստրացիայի, պատվաստման, նույնականացման ու վերադարձման, իսկ անհրաժեշտության դեպքում՝ էֆթանազիայի համար Ախալքալաքի քաղաքապետարանը տենդեր է հայտարարել տարվա ավարտին:
Այս ծառայությունների տենդերը հայտարարվել է հոկտեմբերի 18-ին՝ ժամը 17:34-ին, 22 033 լարիի չափով։
Տենդերը նախատեսում է ծառայությունների մատուցում Ախալքալաքի մունիցիպալիտետի տարածքում առանց հսկողության մնացած շներին մարդասիրական նկատառումներով բռնելու համար՝ նրանց ապաստարան տեղափոխելու նպատակով, որտեղ նրանց կստերիլիզացնեն, կկաստրացնեն, կպատվաստեն, անհրաժեշտության դեպքում կնույնականացնեն կամ էֆթանազիայի կենթարկեն և կտեղափոխեն գերեզմանոց։
Նշենք, որ մինչև դեկտեմբերի 31-ը պետք է բռնեն 140 թափառող շուն։ Ընթացակարգերն անցնելուց հետո շներին պետք է նույնականացնեն և վերադարձնեն Ախալքալաք։
Թե ով է իրականացնելու այդ աշխատանքները, դեռ պարզ չէ, տենդերը բաց է, հայտերը դեռ ընդունվում են։
Անօթևան շների խնդիրն Ախալքալաքում արդիական է դառնում տարվա սկզբին, երբ շների բազմացման շրջանն է սկսվում։ Այս ընթացքում Ախալքալաքում մարդկանց վրա շների հարձակման 72 դեպք է գրանցվել։ Տեղական իշխանությունները մի քանի անգամ հավաստիացրել էին, որ պատրաստվում են տենդեր հայտարարել, սակայն այն հայտարարել են միայն տարեվերջին։