Վրաստանի ՆԳՆ-ն աշխատում է ճանապարհային տեսախցիկների միջոցով արտասահմանյան համարանիշներով մեքենաների նկատմամբ գրանցած տուգանքների գանձման հարցը լուծելու ուղղությամբ։
Այս մասին լրագրողներին հայտնել է ՆԳ փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն։
Նրա խոսքով, այն տեղեկությունը, թե տեսախցիկները չեն կարողանում ճանաչել օտար համարանիշները, ճիշտ չեն։ Այնուամենայնիվ, պաշտոնյան խոստովանել է, որ հարկադիր կատարման մեխանիզմները կատարելագործման կարիք ունեն։
«Խելացի տեսախցիկները» նույնականացնում և ֆիքսում են այդ համարանիշները։ Սակայն տուգանքների հետ կապված իրավական որոշակի խնդիրներ կան, քանի որ երբ անձը տուգանվում է տեսատուգանքով, հիշեցնեմ, որ տուգանքը պետք է ուղարկվի բնակության հասցեով, դա էլ դժվարություններ է ստեղծում, և մենք աշխատում ենք այս խնդրի լուծման ուղղությամբ, որ դրա կատարումն արդյունավետ լինի»,- լրագրողներին հայտնել է Դարախվելիձեն:
Վրաստանի ողջ ճանապարհներին տեղադրված է մինչև 3 հազար «խելացի տեսախցիկ»։
Այն բանից հետո, երբ տեսախցիկը ֆիքսում է ճանապարհային երթևեկության կանոնները խախտած մեքենային, ավտոմատ կերպով կազմվում է տուգանքի մասին արձանագրություն, որը SMS-ով ուղարկվում է մեքենայի սեփականատիրոջ հեռախոսահամարին։
Եթե 10 օրվա ընթացքում տուգանքը չի վճարվում, անդորրագիրը փոստով ուղարկվում է մեքենայի սեփականատիրոջը։ Այն դեպքում, եթե ֆիզիկական փոխանցումը հնարավոր չէ, անդորրագիրը հրապարակվում է Վրաստանի ՆԳՆ կայքում։ Հրապարակումից 30-րդ օրն այն համարվում է հանձնված։
Դրանից հետո մեքենայի սեփականատերը եւս 30 օր ունի տուգանքը վճարելու համար։ Հակառակ դեպքում կիրառվում է Վրաստանի օրենսդրությամբ սահմանված հարկադիր կատարման կարգը։