Վրաստանը կտրականապես դատապարտում է Ռուսաստանի նախապես ծրագրված ագրեսիան Ուկրաինայի դեմ, որը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը և խարխլում միջազգային կարգը և եվրոպական անվտանգության ճարտարապետությունը: Այս մասին ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Լեհաստանի հանրապետության արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում, հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախագար՝ Դավիթ Զալկալիանին:

Զալկալիանիի խոսքով՝ Վրաստանը աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում, ինչի մասին է վկայում Վրաստանի դիրքորոշումը գրեթե բոլոր միջազգային ձևաչափերում, այդ թվում՝ ԵԱՀԿ-ում, որտեղ Վրաստանը հաստատակամորեն հավատարիմ է Ուկրաինայի նկատմամբ միջազգային հանրության համակարգված և համախմբված դիրքորոշմանը։

Ինչպես ընդգծել է Զալկալիանին, Վրաստանը աջակցում է Ուկրաինայում ԵԱՀԿ-ի հատուկ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգմանը և բարձր է գնահատում ԵԱՀԿ-ի գործող նախագահի ներդրումը առաքելության մեջ։

Նրա խոսքով, կարևոր է նշել, որ առաքելությանը Վրաստանից ավելի քան 30 դիտորդ է մասնակցել։

Արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել լեհական կողմին միջազգային անձնակազմի, այդ թվում՝ վրացի դիտորդների անվտանգ տարհանման համար։ Զալկալիանիի խոսքով՝ Վրաստանն ու Ուկրաինան այսօր կանգնած են ընդհանուր մարտահրավերների առաջ, և Վրաստանը առաջինն էր, որի դեմ ագրեսիա իրականացվեց 2008 թվականին:

«Մենք պատրաստ ենք աջակցել Լեհաստանին՝ որպես ԵԱՀԿ-ի գործող նախագահի, գոյություն ունեցող հակամարտությունների խաղաղ կարգավորման հարցում», – ասել է Զալկալիանին։