Ուսուցչի առարկայական քննության և բողոքարկման արդյունքները արդեն մի քանի օր է հրապարակվել են: Ուսուցիչները դժգոհ են արդյունքներից։ Հայալեզու թեստերի ակնհայտ թարգմանչական սխալները քննության ընթացքում շեղել են ուսուցիչներին, ինչի արդյունքում նրանք ժամանակի մեծ մասը տրամադրել են հարցի սխալ թարգմանված հատվածը հասկանալու համար։
Ստացված բողոքների հիման վրա Jnews-ը վերանայել է ուսուցչի առարկայական քննության թեստերը քիմիա առարկայից, արդյունքում պարզ դարձավ, որ թեստերի մեջ կան ակնհայտ թարգմանչական սխալներ, որոնք ամբողջովին փոխում են հարցի իմաստը։
Նկարում տրված հարցի վրացերեն տարբերակում պահանջում է գտնել ամոնիումի նիտրիտի զանգվածային բաժինները, հայերենի մեջ գրված է ամոնիումի նիտրատ, իսկ որպես ճիշտ պատասխան նշված է 4-րդը` ամոնիումի նիտրիտի զանգվածային բաժինները։
«Ժամանակի մեծ մասն անտեղի վատնել եմ հարցերի պահանջը հասկանալու համար, թարգմանությունը շատ վատ է արված, անհասկանալի և անգրագետ հայերենով է գրված», – ասաց ուսուցիչներից մեկը, ով անձամբ է բախվել այս խնդրին։
Ակնհայտ տպագրական սխալներ կան նաև տրված հարցերում։
Ուսուցիչների խոսքով, այս և նման տիպի սխալները հանգեցրել են նրան, որ ժամանակի մեջ չտեղավորվելով նրանք չեն կարողացել հավաքել անցողիկ բալեր, նրանք պահանջում են վերանայել թեստերը և այս տարի ևս մեկ հնարավորություն տալ առարկայական քննությունը հանձնելու:
Իսկ պլանավորում է, թե ոչ այս տարի ուսուցիչների առարկայական քննություն անցկացնել, Jnews-ը թերևս Naec.ge-ից պատասխան չի ստացել: