Ինչպես արդեն EastFruit-ի գների մոնիտորինգի կենտրոնը հայտնել էր կարտոֆիլի արժեքը բարձրացել է։ Ախալքալաքի շրջանում իրավիճակի վերաբերյալ խոսել ենք ինչպես խոշոր ֆերմերների, այնպես էլ գյուղացիների հետ։
Ինչպես պարզվեց, եթե մի քանի օր առաջ 1 կգ կարտոֆիլը վաճառվել է 70 թեթրիով, ապա այսօր արդեն 90 թեթրի է։
«Մոտ 15 օր առաջ կարտոֆիլը արժեր 70 թեթրի, ապա վերջի շաբաթվա ընթացքում 80-ից մինչև 90 թեթրի է բարձրացել։ Օրինակ, մենք հիմա վաճառում ենք 90 թեթրիով, հենց դաշտից։ Հիմա կարտոֆիլի քանակը քիչ է, անցած տարվա համեմատ։ Իմ կարծիքով, հիմա գինը բարձրացավ, քանի որ շատերը չեն սկսել բերքահավաքը և եղածն էլ շատ քիչ է, իսկ պահանջարկը շատ է», – ասում է ֆերմեր Հովիկ Մուրադյանը։
Ըստ նրա կարտեֆիլի բերքատվության վրա մեծ ազդեցություն է ունեցել վերջին ամսվա երաշտը, ինչպես նաև կարկուտը։
«Քանի որ կարկուտը ջարդեց, կարտոֆիլը նորից կանաչեց, ու հիմա դեռ կանաչ է, և այդ պատճառով մարդիկ դեռ չեն հավաքում, որովհետև կարտոֆիլը քերծվում է», – ավելացնում է նա։
Գյուղացիները դժգոհում են, որ այս տարի բերքը ընդհանրապես քիչ է, եղածն էլ մանր է:
Հովիկ Մուրադյանը նշում է, քանի որ շրջանում բոլորը չեն սկսել բերքահավաքը, դրա համար կարտոֆիլի պահանջարկը շատ է, որն էլ իր հերթին հանգեցնում է գնի բարձրացմանը։
Շրջանի մյուս գյուղերում նույնպես գնի բարձրացումը նկատում են՝ Օրջա, Խուլգումո, Խանդո։ Բնակիչները կարտոֆիլը տանում են Թբիլիսի և Քութաիսի։ Երեկ Խուլգումոյի բնակիչները Քութայիսիում մեծ կարտոֆիլը վաճառել են 85 թեթրիով։
Հիշեցնենք, որ EastFruit-ի գների մոնիտորինգի տվյալների համաձայն՝ Վրաստանում կարտոֆիլի մեծածախ գները նախորդ շաբաթվա համեմատ աճել են 50%-ով։ Այն 0,8 լարի/կգ-ից (0,28 դոլար) հասել է 1,2 լարի/կգ-ի (0,42 դոլար):