Հունվարի 15-ից Ախալքալաքի մանկապարտեզները վերսկսել են իրենց աշխատանքը, սակայն ամբողջօրյա մանկապարտեզները սննդամթերք չունեն: Պատճառը սննդամթերքի համար հայտարարված, բայց չկայացած էլեկտրոնային մրցույթներն են:
Արդեն երկու օր է երեխաները հաճախում են մանկապարտեզ, բայց ծնողները ստիպված են կեսօրից հետո իրենց երեխաներին տուն տանել, քանի որ ճաշ չեն տալիս:
Ախալքալաքի Մանկապարտեզների միավորման տնօրեն Զարուհի Բարբարյանը նշում է. «Մենք ժամանակին հայտարարել ենք սննդամթերքի ձեռքբերման մրցույթը, բայց տենդերը չկայացավ: Ըստ Վրաստանի պետական գնումների մասին սահմանված օրենքի տենդերը հայտարարելուց մինչև պայմանագրի կնքումը 20 օր է պահանջվում», – ասաց Մանկապարտեզների միավորման տնօրենը:
Ավելացնելով, որ որոշակի մթերքներով մանկապարտեզներն այս պահի դրությամբ ապահովված են: Երեխաներին տրվում է թխվածքաբլիթներ:
Մանկապարտեզներում տարբեր տեսակի սննդամթերքի ձեռքբերման առաջին տենդերը հայտարարվել է հունվարի 3-ին, 71 500 լարի գումարով, սակայն այն կասեցվել է, քանի որ ուտելիքի մենյուն չի համապատասխանել Վրաստանի կառավարության N487 տեխնիկական ռեգլամենտին:
Երկրորդ տենդերը Ախալքալաքի մանկապարտեզների միավորումը հայտարարել է հունվարի 5-ին: Գյուղատնտեսական ապրանքի և բանջարեղենի ձեռքբերման համար՝ 6000 լարի, իսկ մսամթերքի ձեռքբերման համար՝ 44 600 լարի, որոնք չի կայացել: Ինչպես տեղեկանում ենք Վրաստանի պետական գնումների կայքից, էլեկտրոնային մրցույթները չեն կայացել մասնակիցների բացակայության պատճառով:
Արդեն հաջորդ էլեկտրոնային մրցույթը հայտարարվել է հունվարի 10-ին, արդյունքները պարզ կդառնա ամսի 18-ից հետո: Տենդերի գումարը կազմում է 51 560 լարի:
Ախալքալաքում և գյուղերում գործող մանկապարտեզներից 6-ը սննդով են: Ինչպես տենդերներից երևում է, դեռ պարզ չէ թե սննդով մանկապարտեզներում երեխաներին երբ ճաշ կտրվի:
Աղունիկ Այվազյան