Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօր խորհրդարանում արած հայտարարություններից հետո քաղաքացիները հավաքվել են Ազգային ժողովի մոտ: Այժմ նրանք փակել են Բաղրամյան պողոտան և բողոքի ակցիա են անում: Կան նաև ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ: Բաղրամյան պողոտա ոստիկանական ուժեր են բերվում:
Կեսգիշերից քիչ առաջ ելույթ ունեցավ զոհված զինծառայողի մայր Կարին Տոնոյանը, ասաց՝ ընդդիմադիր խմբակցություններից պահանջում են վարչապետին անվստահություն հայտնել։ Ապա խոսեց ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Նազարյանը, ով ասաց՝ քիչ անց հայտարարություն կլինի, թե երբ ինչ է պետք անել, ու հորդորեց սադրանքների չտրվել
Խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Ես իմ վրա վերցրել եմ պատասխանատվություն՝ գնալ ծանր որոշումների՝ հանուն խաղաղության, բայց ծանր որոշում չի նշանակում Հայաստանի պետական շահերին հակասող որոշումներ: Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում ՀՀ-ն 29,800 կմ քառակուսի տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն»:
Իշխող «Քաղաքացիական պայմանագրից» հերքել են, թե փաստաթուղթ կա, որը պատրաստվում է ստորագրվել: Ավելի ուշ էլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ, ապա՝ ուղիղ եթերում, պնդեց, թե նման բան չկա. «Որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի պատրաստվում ստորագրման: Սա տեղեկատվական դիվերսիա է՝ ուղղորդված արտաքին ոչ բարեկամական ուժերի կողմից՝ երկրի դիմադրողականությունը կոտրելու համար»:
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ, իր հերթին, ուղիղ եթերում հայտարարեց. «Վարչապետի ելույթն այն բանի մասին էր, որ ոչ մեկը ոչ մի բան չի տալիս։ 29,8 հազարը Հայաստանի ամբողջ տարածքն է։ Որևիցե մեկը որևիցե բան տալու մասին ելույթ չի ունեցել։ Ոչ Արցախի մասին է խոսքը գնացել, ոչ էլ Հայաստանի Հանրապետության մասին։ ՀՀ տարածքը մեր համար կարմիր գիծ է, մենք այդ տարածքի համար պետք է պայքարենք, մենք միջանցքի մասին խոսակցությանը չենք մասնակցում, չկա տենց հասկացողություն՝ միջանցք»: