Նյութը պատրաստել է մեր գործընկեր Jam-news.net-ը:

Հայաստանի զբոսաշրջության ոլորտի զարգացման ու առաջխաղացման համար պետբյուջեից այս տարի հատկացվել է 1 մլրդ դրամ՝ անցած տարիների 200 մլն դրամի փոխարեն: Նախորդ տարեվերջին հաստատվել է այդ գումարի շրջանակներում իրականացվելիք միջոցառումների ժամանակացույցն ու ծախսերի նախահաշիվը:

Էկոնոմիկայի նախարարությանն ուղղված JAMnews-ի հարցմանը՝ ինչպե՞ս է որոշվել ծախսել 1 մլրդ դրամը, արդյո՞ք այդ որոշումների կայացման ընթացքում հաշվի են առնվել ոլորտի շահագրգիռ կողմերի կարծիքները, ստացվել է հետևյալ պատասխանը.

«2023 թվականի ծրագիրը մշակելիս հաշվի են առնվել վերջին տարիներին ոլորտում իրականացված աջակցության ծրագրերի արդյունքները, ուսումնասիրությունների արդյունքում գրանցված ոլորտի պահանջները և առկա իրավիճակի գնահատականները, ինչպես նաև ոլորտի շահառուների հետ խորհրդակցությունների արդյունքները»։

Սակայն տուրիզմով զբաղվող ընկերություններն ու մասնագետները, որոնց դիմեցինք սպասվող աշխատանքները մեկնաբանելու նպատակով, անտեղյակ էին դրանցից, քննարկումների հրավեր համակարգող կառույցից չէին ստացել:

Հարցում՝ ոլորտի մասնագետների շրջանում

«Տեղյակ չեմ, թե ինչպես է ծախսվելու այդ գումարը: Գիտեմ, որ Հայաստանը տարբեր ցուցահանդեսների մասնակցության հայտեր է ընդունել։ Շատ կազմակերպություններ արդեն իսկ մեկնել են այդ ցուցահանդեսներին, բայց դա այն է, ինչ ամեն տարի եղել է։

Նախկինում համագործակցությունն ու կապը զբոսաշրջության կոմիտեի հետ շատ ավելի սերտ էր, քան հիմա: Նույնիսկ ոլորտային շատ կարևոր հարցերի պարագայում մենք ընդհանրապես տեղեկացված չենք լինում: Արդյունքում, ուղղակի հետո իմանում ենք, որ ինչ-որ որոշումներ են կայացվել»,- ասում է Հայկական արշավականների ֆեդերացիայի նախագահ, «Արևի» հյուրանոցի հիմնադիր Գևորգ Գասպարյանը:

Այդուհանդերձ, ողջունելի է համարում կառավարության կողմից զբոսաշրջության ոլորտի նկատմամբ ուշադրության մեծացումը.

«Դա ֆանտաստիկ մեծ ու չլսված գումար է Հայաստանի տուրիզմի պատմության մեջ: Վերջապես կառավարությունը ներդրում է անում մի ոլորտում, որը փաստացի երկրի ՀՆԱ-ի վրա մեծ ազդեցություն ունի: Ուրախ եմ, որ սառույցը տեղից շարժվել է: Մինչ այժմ մեր հարևան երկրներից 10-ապատիկ անգամ էինք հետ՝ ներդրումների մասով, հիմա այդ ճեղքվածքը մեղմվում է»:

Գործընկերոջ տեսակետը կիսում է նաև զբոսավար, զբոսաշրջության ոլորտի փորձագետ Յաշա Սոլոմոնյանը․

«Որպես ոլորտում 10 տարուց ավելի աշխատող, ես, իհարկե ուրախ եմ, որ պետությունը վերջապես սկսում է ավելի մեծ ուշադրություն դարձնել այս ոլորտին»:

Նկատում է՝ ոլորտը համակարգող կառույցի կողմից շահառու դերակատարների կարծիքները, խորհուրդները լսելն ու հաշվի առնելը կարող է ավելի արդյունավետ դարձնել աշխատանքը: Հակառակ պարագայում ոլորտի ներկայացուցիչները կամա թե ակամա դառնում են իրականացվող ծրագրերի քննադատներ․

«Սա այն դեպքում, երբ մեծ սիրով պատրաստ ենք լինել խորհրդատուներ: Պատճառն այն է, որ շատ բան պոստֆակտում ենք իմանում, իսկ եթե մի բան արդեն արվել ավարտվել է, բնականաբար, արդեն խորհուրդ տալ չես կարող, կարող ես միայն քննադատել»:

Զբոսաշրջության ոլորտի փորձագետ, Like local զբոսաշրջային նախագծի հիմնադիր Գևորգ Բաբայանը ևս տեղեկացված չէ ոլորտին հատկացված գումարի ծախսման ուղղություններից:

Տեղյակ է, որ զբոսաշրջության կոմիտեն տարբեր երկրներում միջոցառումներ պետք է կազմակերպի՝ Հայաստանն ավելի ճանաչելի դարձնելու նպատակով: Գիտի, որովհետև այդ միջոցառումներից մեկի կազմակերպչական աշխատանքներում ներգրավվելու առաջարկ ստացել է նաև ինքը, բայց մերժել․

«Ոլորտի մասնագետների հետ քննարկումների ընթացքում հասկացանք, որ այն, ինչ մենք ենք մտածում կազմակերպել, նախատեսված գումարը չի կարող բավարարել: Իսկ զուտ պտիչկայի համար չարժե ներգրավվել. դա նաև մեր հեղինակության հարցն է»:

Վերջերս զբոսաշրջության կոմիտեն հայտարարել էր զբոսաշրջային բիզնես նախաձեռնությունների աջակցման մրցույթ: Գևորգ Բաբայանն իր զբոսաշրջային նախագծով ևս մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել։ Ենթադրում է՝ ծրագրի համար նախատեսված գումարի հատկացումը ևս վերոնշյալ 1 մլրդ դրամի շրջանակում է:

Առաջարկներ զբոսաշրջության կոմիտեին

Չնայած նրան, որ արդեն հաստատված է տրամադրված գումարի ծախսման ուղղությունները, ոլորտի ներկայացուցիչները զբոսաշրջության կոմիտեին են փոխանցում իրենց առաջարկները։ Ակնկալում են առավել մասնակցային ու արդյունավետ համագործակցություն ապագայում:

Յաշա Սոլոմոնյան, զբոսաշրջության ոլորտի փորձագետ․«Շատ կուզեի, որ բյուջեից հատկացվող գումարը ծախսվեր նախ և առաջ ոլորտի առողջացման համար, բարեփոխումների, ոլորտում պրոֆեսիոնալիզմի բարձրացման ուղղությամբ։ Հուսով եմ, որ տրամադրված գումարը ճիշտ ու թիրախային կօգտագործվի հատկապես մարքեթինգային առումով ու հատկապես այն շուկաների ուղղությամբ, որտեղից հնարավոր է ապահովել բարձր եկամուտ ու բարձր վճարունակություն ունեցող տուրիստների ներհոսք»:

Գևորգ Գասպարյան, «Արևի» հյուրանոցի հիմնադիր․ «Մեծ հույս ունեմ, որ այդ գումարը երկրի մարքեթինգի վրա ծախսելու արդյունքում մեծ տուրիստական հոսք կապահովվի: Խորհուրդ եմ տալիս, ցանկացած պրոդուկտ ձևավորելու ընթացքում հաշվի առնեն ոլորտի կազմակերպությունների կարծիքը, որովհետև շատ փորձառու ներկայացուցիչներ ունենք, ովքեր կարող են աջակցել ավելի տեսանելի արդյունքի ապահովմանը»:

Արևային էներգիայի օգտագործման առավելությունները

Գևորգ Բաբայան, Like local զբոսաշրջային նախագծի հիմնադիր․ «Ես միշտ խոսել եմ այն մասին, որ անհրաժեշտ է շատ լուրջ նայել տուրիզմի դեմոգրաֆիկ պատկերին: Մի կողմից, պետք է խրախուսել, որ զբոսաշրջային ծառայությունների մատուցման դաշտում ներգրավվեն ավելի երիտասարդ, ավելի նորարար, ավելի շատ ճանապարհորդած ու բաց մտածելակերպով մարդիկ։ Մյուս կողմից, պետք է աշխատել առավել մեծ թվով երիտասարդ զբոսաշրջիկներ ներգրավելու ուղղությամբ, որոնք և՛ ակտիվ են, և՛ կապված են սոցիալական մեդիաներին։ Ամեն քայլով կիսվելով սոցցանցերում՝ նրանք գովազդում են իրենց այցելած զբոսաշրջային կետերը:

Մենք երիտասարդներին հրապուրող նոր պրոդուկտների, նոր ծառայությունների ստեղծման կարիք ունենք: Մենք պետք է հասկանանք՝ ինչպիսին են զբոսաշրջության համաշխարհային թրենդներն ու ինչ են ակնկալում երիտասարդները մեզնից»:

Գևորգ Բաբայանը ոլորտային տարբեր ծրագրերի իրականացման ու որոշումների կիրարկման հետ կապված բացերը պայմանավորում է ոչ միայն կոմիտե-շահագրգիռ կողմեր համագործակցության պասիվությամբ, այլև՝ խորքային խնդիրներով.

«Այսօր մենք զբոսաշրջության ոլորտի ռազմավարություն չունենք, տեսլական չունենք, մենք չգիտենք՝ ուր ենք գնում, բայց մենք ունենք բրենդինգ: Հասկանալի է՝ ինչ-որ բան պետք էր ունենալ որպես լոգո։ Բայց բրենդինգ անել մի բան, որը դեռ չկա, ու հնչեցնել մի արտահայտություն, որը 15 տարվա պատմություն ունի՝ ”The hidden track” (թաքնված երթուղի), անտրամաբանական է: Հիմա մարդիկ այդ մոտեցմամբ, այդ գաղափարախոսությամբ չեն շարժվում: Տուրիզմում մոտեցումները ժամանակ առ ժամանակ փոխվում են, իսկ մենք դեռ հնացած ”The hidden track” ենք ասում:

Պետք է ձեռքը պահել համաշխարհային տուրիզմի պուլսի վրա, պետք է այդ ոլորտում ներգրավված մարդիկ տարին մի քանի անգամ ճանապարհորդեն: Դա պետք է դառնա պարտադիր աշխատանքային նորմ, որպեսզի մարդն անընդհատ այդ թեմայի, այդ պրոցեսի մեջ լինի ու կարողանա հետևել արագ փոփոխվող զբոսաշրջային տենդենցներին»:

Ծախսերի ուղղությունները՝ ըստ էկոնոմիկայի նախարարության

Ծախսերը կիրականացվեն 3 հիմնական ուղղություններով և միտված կլինեն.

1. Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի ճանաչելիության բարձրացմանը, թիրախավորված զբոսաշրջային շուկաներում առավել ակտիվ մարքեթինգային քաղաքականության իրականացմանը:

2. Հայաստանի համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, տեղական ավանդույթների վերականգնմանը, զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացմանը, նոր զբոսաշրջային երթուղիների ձևավորմանը, միջազգային ու ներքին շուկայում պատշաճ ներկայացմանը:

3. Զբոսաշրջության ոլորտի վիճակագրական ու տեղեկատվական համակարգի կատարելագործմանը:

Այս նպատակներին հասնելու համար նախատեսվում է մի շարք նախագծերի իրականացում:

Պետբյուջեից հատկացված 1 մլրդ դրամի կեսից ավելին՝ 528 մլն դրամը նախատեսված է զբոսաշրջության ոլորտի մարքեթինգային խթանմանը․

  • միջազգային 4 ցուցահանդեսի մասնակցություն,
  • միջազգային 4 ավիաընկերությունների հետ մարքեթինգային ծառայությունների ձեռք բերում,
  • միջազգային հեղինակավոր պարբերականներում Հայաստանի մասին 9 գովազդային հոդվածների հրապարակում,
  • թիրախային 3 երկրում գավազդային արշավների կազմակերպում,
  • միջազգային 6 ճանաչողական այց:280 մլն դրամ նախատեսված է ծախսել հայկական զբոսաշրջային պրոդուկտի դիվերսիֆիկացման, փաթեթավորման ու խթանման համար։ Խոսքը Հայաստանում 8 փառատոնի կազմակերպմանն աջակցության մասին է, նաև՝ 10 բիզնես նախաձեռնությունների։

    63 մլն դրամ պետությունը մտադիր է ծախսել ենթակառուցվածքների ու մարդկային ռեսուրսի զարգացման համար, խոսքը ոլորտի ներկայացուցիչների համար դասընթացների կազմակերպման մասին է։

    120 մլն դրամ հատկացվելու է միջազգային համագործակցության ապահովմանն ուղղված միջոցառումների կազմակերպման համար: