Հայ – ադրբեջանական սահմանին կեսգիշերից սկիզբ առած բախումներում հայկական կողմն առնվազն 49 զոհ ունի: Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այդ թիվը ցավոք վերջնական չէ», – հավելել է վարչապետը:
Փաշինյանը տեղեկացրեց, որ Ադրբեջանի զինված ուժերը հարձակվողական գործողություններ են ձեռնարկել չորս ուղղություններով, հետագայում ևս երկու-երեք ուղղություն ավելացել է։
Գործադիրի ղեկավարը հերքեց Բաքվից հնչող հայտարարությունները, թե դրանք իրականացվել են ի պատասխան Հայաստանի կողմի սադրանքների՝ այդ հաղորդումները որակելով բացարձակապես կեղծ ու սուտ, իրականությանը չհամապատասխանող։
Այս պահի դրությամբ մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է, ասաց գործադիրի ղեկավարը՝ ընդգծելով՝ մեկ-երկու ուղղություներով Ադրբեջանի հարձակումները շարունակվում են։
Նրա խոսքով՝ Պաշտպանության նախարարությունն ու Գլխավոր շտաբը գնահատում են իրավիճակը, գնահատում են կորուստները և ճշգրտված տեղեկատվությունը պաշտոնապես կհրապարակվի։