Ջրի պակաս, պայթյուններ, ահ, ստիպված աջակցություն «հատուկ գործողությանը» և շատ ավելին: Jnews-ը զրուցել է մի մարդու հետ, ով այժմ ապրում է Դոնեցկում՝ պատերազմական պայմաններում։
Մեր զրուցակցի ընտանիքը վերջերս է հեռացել այնտեղից, քանի որ այլեւս հնարավոր չէր մնալ առանց ջրի և կյանքին մշտական վտանգ սպառնալու ապրումներով: Ընտանիքը հաստատվել է Ախալքալաքում։ Մեր զրուցակիցը չի կարող մեկնել այնտեղից, քանի որ տղամարդկանց թույլ չեն տալիս դուրս գալ Դոնեցկից, նրանց տանում են կռվի։ Սակայն նա դեռ հույս ունի, որ ընտանիքին միանալու հնարավորություն կստեղծվի։
«Ջրի պաշար ունենալու համար մեկ ժամ ենք քայլում, ջուրը կրում ենք տարաներով: Ջուրը տալիս են երեք օրը մեկ և առաջին հարկերում: Այսինքն՝ ջուրը չի բարձրանում մինչ հինգերորդ հարկ: Մենք լսում ենք կրակոցների ձայները, մենք լսում ենք պայթյունի ձայները հարևան տարածքում, իսկ լուրերով ասում են, որ այն բաց է թողվել Ուկրաինայի կողմից: Բայց և այնպես, այն մարդկանց համար, որոնց մոտ դա հասել է, նրանց համար միևնույն է, թե որտեղից, նրանք հավատում են, որ իրենք զոհ են և հավատում են նրան, ինչ իրենց ասում են: Շատ տեղացիներ են զոհվել պատերազմում»,- ասում է նա։
Տեղացի տղամարդկանց բռնի ուժով տանում են կռվի։ Ընտրության հնարավորություն չի տրվում։ Մեր զրուցակցի խոսքով՝ իրենք պատրաստված չեն, չեն անցնում ոչ ֆիզիկական, ոչ զինվորական պատրաստություն.
«Պատերազմի ժամանակ դասալքության համար պատժում են, բացի այդ, այստեղ պատանդ են պահում ընտանիքներին: Այսինքն՝ եթե տղամարդը հրաժարվում է կռվելուց, ապա համարեք, որ ընտանիքը կզրկվի աշխատանքից, և ինչ-որ պատժամիջոցներ կկիրառվեն նրանց դեմ»։
Սակայն կան զարտուղի ճանաարհներ, որոնցով մարդիկ հեռանում են այնտեղից։
«Գծված սխեմաներ չկան: Մեկը պայմանավորվում է սահմանապահների հետ, որ դուրս գա այստեղից, ինչ-որ մեկն էլ փաստաթուղթ է գնում, որը թույլ է տալիս խուսափել մոբիլիզացումից: Այստեղ ավելի շատ պայմանավորվում են զինվորական հրամանատարության, կոմիսարիատի հետ»։
Դոնեցկում մարդիկ հիմնականում վախեցած են.
«Նույնիսկ նրանք, ովքեր ժամանակին աջակցում էին Ուկրաինային, հիմա ստիպված են ասել, որ աջակցում են հատուկ գործողությանը: Բայց հասկանում եք, նրանք, ովքեր ի սկզբանե աջակցում էին Ուկրաինային, նրանցից շատերը հեռացել են, իրականում քիչ մարդիկ են մնացել, ովքեր դեմ են Ռուսաստանին: Դոնեցկ, Մակեևկա եկել են նրանք, ովքեր նախկինում ապրում էին արվարձաններում: Նրանք, ովքեր արդեն կորցրել են իրենց տները, և ենթադրվում է, որ նրանց բնակարան են տվել Դոնեցկում, Մակեևկայում, նրանք երախտապարտ են դրա համար», – պատմում է Դարիայի ամուսինը:
<em>Դոնեցկ, քաղաք Արևելյան Ուկրաինայում: Ուկրաինայի օրենսդրության համաձայն՝ Դոնեցկի մարզի վարչական կենտրոնն է։ 2014 թվականի ապրիլից այն դե ֆակտո, այսպես կոչված Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության մայրաքաղաքն է</em>։