Ամերիկյան PBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին գազի մատակարարման մասին, ռուբլով վճարելուց հրաժարվելու դեպքում, ասել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում բարեգործական աշխատանք կատարել և անվճար գազ մատակարարել Արևմտյան Եվրոպային։

Լրագրողը Կրեմլի ներկայացուցչին հարցրել է, թե արդյո՞ք Ռուսաստանը կդադարեցնի գազի մատակարարումը Եվրոպա, եթե այդ երկրները հրաժարվեն գազի դիմաց վճարել ռուբլով։

«Ես չգիտեմ, թե ինչ կլինի, երբ նրանք կհրաժարվեն այս հնարավորությունից։ Երբ մենք վերջապես իմանանք որոշման մասին, մենք կուսումնասիրենք, թե ինչ կարելի է անել: Բայց, իհարկե, մենք չենք պատրաստվում բարեգործությամբ զբաղվել այս առումով և անվճար գազ մատակարարել Արևմտյան Եվրոպային»,- ասել է Պեսկովը։

Ավելի վաղ G7-ի երկրները մերժել էին Վլադիմիր Պուտինի՝ բնական գազի դիմաց ռուսական ռուբլով վճարելու պահանջը։