96 տարեկան հասակում մահացել է Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ II-ը։ Այդ մասին հայտարարություն է տարածել Բրիտանական թագավորական ընտանիքը։
«Այսօր կեսօրին Թագուհին խաղաղ մահացավ Բալմորալում։ Թագավորը և կոնսորտ թագուհին այս երեկո կմնան Բալմորալում և վաղը կվերադառնան Լոնդոն»,- նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Բժիշկներն անհանգստացած են եղել Եղիսաբեթ II-ի առողջական վիճակով և խորհուրդ են տվել նրան գտնվել բժիշկների հսկողության տակ:
Թագավորական ընտանիքը հավաքվել էր Շոտլանդիայի Բալմորալ ամրոցում, որտեղ վերջին ամիսներին իր արձակուրդն էր անցկացնում Եղիսաբեթ II-ը։ Թագուհու շոտլանդական նստավայր էին ժամանել թագաժառանգ արքայազն Չարլզը, Քորնուելի դքսուհի Քամիլան, Քեմբրիջի դուքս, արքայազն Ուիլյամը, արքայադուստր Աննան, արքայազն Էնդրյուն։
Անցյալ տարվա հոկտեմբերից 96-ամյա թագուհին առողջական խնդիրներ ուներ, որոնց պատճառով դժվարանում էր քայլել և կանգնել:
Թագուհին գահ էր բարձրացել 1952 թվականին:
Նա Մեծ Բրիտանիայի ամենաերկարակյաց միապետն էր, երկիրը ղեկավարում էր ավելի քան 70 տարի։
Թագուհու ամուսինը` արքայազն Ֆիլիպը, մահացել էր շուրջ մեկուկես տարի առաջ:
Արքայազնն ամուսնացել էր Մեծ Բրիտանիայի արքայադստեր հետ 1947 թվականին՝ վերջինիս թագադրումից 5 տարի առաջ։ Ամուսիններն ունեն 4 զավակ, 8 թոռ և 10 ծոռ:
Թագուհու մահից հետո բրիտանական գահն անցել է թագաժառանգ արքայազն Չարլզին։