Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Ազատության փողոցի մի հատվածը՝ Ազատություն-Չարենց խաչմերուկից մինչև Ազատություն-Ճավճավաձե խաչմերուկ, առավոտից փակվել է վերանորոգման աշխատանքներն անցկացնելու նպատակով:
Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանի խոսքով, ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է և կբացվի օրվա ընթացքում։ Այս պահի դրությամբ վերանորոգվում է «Spar» խանութից փոքր-ինչ ներքևում գտնվող մայթը։
Ախալքալաք քաղաքի կենտրոնական հատվածում վերականգնողական աշխատանքներն ընթանում են «Թարմացված մունիցիպալիտետ» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Վրաստանի Ենթակառուցվածքների նախարարությունը՝ Ախալքալաքի շրջանը և շրջանում զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով։ Ծրագիրը ենթադրում է քաղաքի կենտրոնական փողոցի և կենտրոնական հրապարակի շենքերի ճակատային մասերի վերականգնումը։