Խորհրդարանական ընդդիմադիր կուսակցություններն ու անկախ պատգամավորները սկսել են իշխանություններից անկախ աշխատանքային գործընթաց և պատրաստել անհրաժեշտ օրենսդրական նախաձեռնություններ՝ բոլոր տասներկու ուղղություններով եվրոպական հանձնարարականները կատարելու համար։ Այդ մասին նրանք հայտարարություն են տարածել։
Ինչպես նշված է «Ռազմավարություն Աղմաշենեբելի», «Ազգային շարժում», «Լելո», «Հանրապետական կուսակցության», ինչպես նաև անկախ պատգամավորների հայտարարության մեջ. Եվրահանձնաժողովի 12 հանձնարարականների կատարումը, թեկնածուի կարգավիճակ ստանալը, իսկ հետո էլ՝ ԵՄ-ին անդամակցությունը, պատմական հնարավորություն է և Վրաստանի հիմնախնդիրը։
«Վրացական երազանքը, ցավոք, հենց սկզբից՝ հանձնարարականները ստանալուց անմիջապես հետո, առաջ քաշեց երեք կոնկրետ պայման, որոնք սկզբունքորեն հակասում են Եվրահանձնաժողովի հանձնարարականների իրականացմանը։
Առաջին՝ ապաօլիգարխացումը չի դիպչի Բիձինա Իվանիշվիլին, ավելին, օլիգարխները որոշ ընդդիմադիր կուսակցությունների և քննադատական լրատվամիջոցների հիմնադիրներն են։
Երկրորդ՝ «Վրացական երազանքը» չի ճանաչում կլանների առկայությունը դատական համակարգում, քաղաքականացված արդարադատությունը և փորձում է դատարանին առնչվող հանձնարարականներն իրականացնել՝ ֆորմալ կերպով լուծելով դատավարական խնդիրները։
Երրորդ՝ «Վրացական երազանքը» նախապես հրաժարվեց իրականացնել «Շառլ Միշելի համաձայնագրով» նախատեսված և արդեն համաձայնեցված սահմանադրական փոփոխությունները և ապաբևեռացում է համարում ընդդիմադիր սպեկտրի և քննադատական ԶԼՄ-ների ճնշումը, այդ թվում՝ իշխանությունների հակաարևմտյան ուղերձները։
Հաջորդ շաբաթ՝ վերջնական պայմանավորվածությունից հետո, փաստաթուղթը կհրապարակվի, իսկ մինչև սեպտեմբերի վերջ Վրաստանի խորհրդարանում կնախաձեռնվեն համապատասխան օրինագծերը։
Մենք վերահաստատում ենք, որ հիմնական քաղաքական խնդիրը Եվրահանձնաժողովի հանձնարարականների կատարումն է, որի համար պատրաստ ենք պատասխանատվություն կրել մեր ներկայացրած նախաձեռնությունների համար և աջակցել բոլոր նախաձեռնությունները, որոնք անհրաժեշտ են Եվրահանձնաժողովի հանձնարարականների փաստացի իրականացման համար»,- ասվում է հայտարարության մեջ։