Վրաստանի կառավարությունը հաստատել է ֆինանսական հատվածի նորացված իրավական դաշտը, որը կարգավորում է թվային բիզնեսի և կրիպտոարժույթների առևտրի ոլորտը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար, փոխվարչապետ Լեւան Դավիթաշվիլին։
Նախարարի խոսքով, օրինագծերի փաթեթն արդեն ուղարկվել է խորհրդարան, փոփոխությունները նախատեսվում է ընդունել աշնանային նստաշրջանում։ Նախարարը բացատրել է, որ նախատեսում են ազգային օրենսդրությունը մոտեցնել ԵՄ երեք կարևոր դիրեկտիվներին, մասնավորապես՝ Հարկային ծառայությունների դիրեկտիվ (PSD2), Կապիտալ պահանջների դիրեկտիվ (CRD) և Վիրտուալ ակտիվների ծառայություններ մատուցող դիրեկտիվ (VASP):
Վերջինս նախատեսում է թվային ակտիվների առևտրով զբաղվող անձանց իրավական կարգավիճակի տրամադրում, ինչպես նաև նրանց պարտավորությունների և իրավունքների սահմանում։ Սա կվերացնի կրիպտոարժույթների օգտագործումը փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման նպատակով:
Ինչպես նշել է Դավիթաշվիլին, VASP օրենսդրությունը Վրաստանում կրիպտո արդյունաբերության կայուն կարգավորման ուղղությամբ ձեռնարկված ամենակարևոր քայլերից մեկն է։
Նախարարը նաև ընդգծել է, որ Վրաստանի ֆինանսական օրենսդրության համաժամացումը ԵՄ դիրեկտիվների հետ միայն առաջին քայլն է, քանի որ Վրաստանը ցանկանում է ապագայում վերածվել կրիպտո-հաբբի, ինչը ամրագրված է Վրաստանի կառավարության 2020-2025 թվականների զարգացման ռազմավարության մեջ։
Ըստ bm.ge գործակալության՝ նոր օրենքների ընդունումից հետո համաշխարհային կրիպտոարդյունաբերության խոշոր խաղացողները կկարողանան աշխատել Վրաստանում։