ISFED-ն ասոցացվում է խարդախ կազմակերպության հետ: Սրանք միայն իմ խոսքերը չեն, դա հաստատվում է փաստերով, – այսպես է արձագանքում Թբիլիսիի քաղաքապետ Կախի Կալաձեն Վրաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարությանը, ըստ որի՝ Վրաստանի ընտրությունների ամենավստահելի և փորձառու դիտորդական կազմակերպություններից մեկը՝ «Արդար ընտրություններ»(ISFED), ընտրական բարեփոխումների խորհրդարանական աշխատանքային խմբին միանալ չթույլատրելն ուղղակիորեն հակասում է Եվրահանձնաժողովի առաջարկություններին:
Ինչպես հայտարարել է Կալաձեն, պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին, այս կազմակերպությունը զբաղվել է ընտրությունների արդյունքների կեղծմամբ։ Նա առաջարկել է քրեական գործ հարուցել և պատասխանատվության ենթարկել այս հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց։
«Նրանք հանրությանը ձայների վերահաշվարկի արդյունքների մասին սխալ տեղեկատվություն էին տրամադրել: Դա հանրությանը մոլորեցնելու միտումնավոր փորձ էր։ Սա ուղղակիորեն ցույց է տալիս, որ այս ամենը եղել է հեղափոխական սցենարի մասը, որը պատրաստվում էր ընդդիմության կողմից»,- հայտարարել է Կալաձեն՝ նշելով, որ այդ կազմակերպությանը խորհրդարանական աշխատանքային խմբերից հեռացնելու որոշումը միանգամայն ճիշտ էր։
Հարցին, թե որքան վստահություն կվայելեն խորհրդարանում ստեղծված աշխատանքային խմբերն առանց հասարակական սեկտորի մասնակցության, Կալաձեն ասել է, որ այն կազմակերպությունները, որոնք ցանկություն են հայտնում մասնակցել գործընթացին, ոչ թե հասարակական կազմակերպություններ են հանդիսանում, այլ «սովորական քաղաքական դերակատարներ, քաղաքական խաղացողներ»։
Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը մեկնաբանել է Կալաձեի խոսքերը. «Կարծում եմ, խոսել այն մասին և ասել, որ ISFED-ը միտումնավոր կեղծել է ձայների հաշվարկի գործընթացը, իրականության խեղաթյուրում է»:
«ISFED-ը վայելում է ԱՄՆ դեսպանատան վստահությունը։ Այն հարգված և փորձառու դիտորդական կազմակերպություն է: Կարևոր է նաև նկատի ունենալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և այլ միջազգային կամ տեղական դիտորդական կազմակերպությունների գնահատականները՝ կապված 2020-2021 թվականների ընտրությունների հետ։ Բոլորը մատնանշում էին այնպիսի էական խախտումների մասին, ինչպիսիք են ահաբեկումը, ձայների գնումը, «կարուսելները», վարչական ռեսուրսներով չարաշահումը և այլ խախտումներ՝ ինչպես ընտրությունների օրը, այնպես էլ քվեարկությանը նախորդող շաբաթների ընթացքում: Այս զեկույցներից և ոչ մեկը չի հուշում, որ ընտրություններն արդար են եղել։ Եվ ISFED-ը պատասխանատվություն չի կրում այս խախտումների համար։ Ինչ վերաբերում է Վերահաշվարկի հետ կապված սխալմունքին, ապա հենց որ այդ սխալը հաստատվեց, անմիջապես հանրությանը տեղյակ պահեցին: Սա կարևոր գործոն է»,- նշել է դեսպանը։
Հիշեցնենք, որ Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը մի քանի օր առաջ հայտարարություն էր տարածել «Արդար ընտրություններ» (ISFED) ՀԿ-ի վերաբերյալ, որում նշվում էր, որ Վրաստանում ամենավստահելի և փորձառու դիտորդական կազմակերպություններից մեկի՝ «Արդար ընտրությունների» (ISFED) չընդունումն ընտրական բարեփոխումների խորհրդարանական աշխատանքային խմբում, ուղղակիորեն հակասում է Եվրահանձնաժողովի առաջարկություններին, որոնց համաձայն՝ Վրաստանը պետք է «ապահովի քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը գործընթացի բոլոր մակարդակներում որոշումների կայացման գործում։ Ըստ դեսպանատան՝ «մի շարք հարցերում քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ներկայացնում են ժողովրդի ձայնը և կենսական դերակատարում ունեն քաղաքացիների կարիքների, առաջնահերթությունների և ընտրության ապահովման գործում։ Դե իսկ ISFED-ի չընդունումը հարցեր է առաջացնում խորհրդարանական ընտրական բարեփոխումների գործընթացի հետ կապված անկեղծության առնչությամբ»։