Սեպտեմբերի 27-ին, Սուխումի անկման օրը Հերոսների Հրապարակում, բարձրաստիճան պաշտոնյաները ծաղկեպսակներ էին դնում զոհված հերոսների հիշատակի, միասնության և Վրաստանի տարածքային ամբողջականության հուշահամալիրում, իսկ ավելի ուշ ազգայնական կազմակերպությունների ներկայացուցիչները սկսեցին բողոքի ակցիա, որն ավարտվեց ակտիվիստների կալանավորումով:
2016 թ.-ի սեպտեմբերի 27-ին, Թբիլիսիում նշեցին Սուխումի անկման օրը: Ծաղկեպսակներ են դրվել զոհերի հիշատակին, ցավակցություն հայտնել նրանց ընտանիքներին: Նույն օրը երեկոյան, ժամը 19:00-ին դեպքերը սկսեցին այլ ընթացք ստանալ:
«Ռուսթավելի» մետրոյի կայարանի մոտ հավաքվեցին Վրացական ազգայնական կազմակերպության ներկայացուցիչները: Երիտասարդների խումբը դիմակներով բղավում էին հետևյալ կարգախոսները՝ «Աբխազիան Վրաստան է», «Փառք Վրաստանին, փառք հերոսներին», «Կեցցե Վրաստանը առանց ազգայնական լիբերալների», «Կեցցե վրացական Վրաստանը», և այլն: Ազգայնականները «Ռուսթավելի» մետրոյի կայարանից ուղևորվեցին դեպի Հերոսների Հրապարակ: Որոշ ժամանակ անց երիտասարդների ամբոխը հայտնվեց Դավիթ Շինարարի պողոտայում, որտեղ կան մի շարք թուրքական խանութներ և ժամանցի վայրեր, որոնց այցելուները հիմնականում թուրքեր են:
Երիտասարդները բղավում էին վիրավորական խոսքեր թուրքերի հասցեին ու ներկաների վկայությամբ ջարդում թուրքական ռեստորանների պատուհանները: Բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանությունը վերահսկում էր ամբողջ պրոցեսը: Ստեղծված իրավիճակի պատճառով կարճ ժամանակով արգելվեց երթևեկությունը Աղմաշենեբելի պողոտայում: Պողոտա ժամանեցին ոստիկանության հատուկ ստորաբաժանումները և շտապօգնության մեքենաները: Ձերբակալվել են 11 ցուցարարներ: Ակցիայի կազմակերպիչները խուսափում էին մամուլի հետ շփումից: Այնուամենայնիվ, « Aliq Մեդիային» հաջողվեց կազմակերպիչներից մեկից պարզել, որ երթը կազմակերպել էր «Վրացական ուժ» կազմակերպությունը:
«Մենք բոլորս միավորվել ենք մեկ գաղափարի շուրջ», – համառոտ պատասխանեց երիտասարդը, ով չցանկացավ ներկայանալ:
«Վրացական ուժ» կազմակերպությունը հիմնադրվել է 2015 թ.-ի հուլիս 31-ին: Նույն թվականի օգոստոսի 19-ին, Բաթումի քաղաքի կենտրոնում, նրանք անցկացրել են առաջին ճանաչողական երթը: Անցյալ տարի, սեպտեմբերի 27-ին այս խումբը Վրաստանի խորհրդարանի առջև կազմակերպել էր ջահերով խաղաղ հանրահավաք: Այս տարվա մարտի 3-ին կազմակերպությունը կազմակերպել էր երթ Վրաստանում Գերմանիայի դեսպանատան ուղղությամբ: Բողոքի ակցիայի նպատակն էր Վրաստանում Պաղեստինից և Սիրիայից փախստականների ընդունման հարցի բարձրացումը: