Այսօր՝ հուլիսի 28-ին, աշխարհը նշում է հեպատիտ C-ի միջազգային օրը, Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի համաճարակաբան Գայանե Ֆիդանյանը հորդորում է ախալքալաքցիներին հեպատիտ C-ի էքսպրես թեստ հանձնել։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) բնակչությանը հնարավորինս իրազեկելու և թեստ անցկացնելու նպատակով հուլիսի 28-ը սահմանել է հեպատիտ C-ի օր։

«ԱՀԿ-ն հիմնական նպատակը մինչև 2030 թվականը հեպատիտ C-ով հիվանդների տվյալների բազա ստեղծելն է, ովքեր ժամանակին չեն թեստավորվել և բաց են թողել այն։ Աշխարհում հեպատիտ C-ով շատ-շատ հիվանդներ կան»,- ասում է Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի համաճարակաբան Գայանե Ֆիդանյանը։

ԱՀԿ-ի տվյալներով, աշխարհի բնակչության 1/3-ը՝ մոտ 2 միլիարդ մարդ, տառապում է հեպատիտ C-ով։ Ամեն տարի այս հիվանդությունից մահանում է 1 միլիոն մարդ։

Գայանե Ֆիդանյանի խոսքով, Ախալքալաքում նույնպես կան հեպատիտ C-ով հիվանդներ, թիվը տատանվում է 10-ից 15- ի սահմաններում։ Բայց համաճարակաբանը կարծում է, որ նրանց թիվը շատ ավելի մեծ է, պարզապես թեստ չեն անցնում և, համապատասխանաբար, չեն հաշվառվում։

Համաճարակաբանը հորդորում է բոլորին անցնել էքսպրես-թեստավորում, քանի որ հիվանդության վաղ հայտնաբերման և բուժումը սկսելու դեպքում բարդություններն ու մահվան ելքերը քիչ կլինեն։ Դա կնվազեցնի նաև հիվանդության տարածման վտանգը։

«Ախալքալաքում և՛ հիվանդանոցում, և՛ ՀԱԿ-ում արագ էքսպրես-թեստերն են անցկացվում, դրանք շատ կարևոր են նախնական ախտորոշման համար, հետագայում հետազոտություն անցնելու նպատակով»,- ասում է Գայանե Ֆիդանյանը։

Ախալքալաքում էքսպրես-թեստավորումն անվճար է։